Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատաքննությունը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով պետք է այսօր ցուցմունք տար, դատարանի հարցին` իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքներով` լրիվ կամ մասնակի, ամբաստանյալն ասաց, որ դեռևս դիրքորոշում չի ցանկանում հայտնել:
Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց ընթերցել ամբաստանյալի նախաքննական բոլոր ցուցմունքները, սակայն պաշտպանական կողմն առարկեց` պատճառաբանելով, որ Հովհաննիսյանը դեռևս ցուցմունք չի տվել դատարանում, և նախաքննական ցուցմունքներն ընթերցելու անհրաժեշտություն այդ պահին չկա:
Իսկ Հովհաննիսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը նշեց, որ բացի առաջին ցուցմունքից, կարելի է կարդալ մյուսները:
Դատարանը որոշեց ընթերցել բոլոր ցուցմունքները:
Առաջինում, մասնավորապես ասվում էր, որ Վազգեն Խաչիկյանն իրենից 90 մլն դրամ է պարտք վերցրել իր անձնական միջոցներից` առանց հայտնելու` ինչի համար է ցանկանում: Ցուցմունքում նշվում էր, որ Վազգեն Խաչիկյանը նրան դեռևս գումարը չի վերադարձրել:
«Եթե ես նրան չտայի գումարը, նա ինձ կազատեր աշխատանքից»,- ասվում էր ցուցմունքում:
Քննիչի հարցին, թե որտեղի՞ց նրան այդքան գումար, Հովհաննիսյանը պատասխանել է, որ նրան ուղարկել են արտասահմանից, և ինքը հավաքել է: