«Որպես շնորհակալություն` կենսաթոշակառուներն ինձ 30 հազար դրամ էին տալիս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել է, այսօր Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի կողմից ընթերցվում էր ամբաստանյալ Արաբկիրի տարածքայինի բաժնի նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը, ով քննիչին հայտնել էր, թե Վազգեն Խաչիկյանն իրենից 90 մլն դրամ է վերցրել պարտքով ու մինչ օրս չի տվել:

Նախաքննական հաջորդ ցուցմունքում վկայի կարգավիճակում հարցաքննված Հովհաննիսյանը նշել է, որ ավելի ուշ Խաչիկյանն իրեն ասել է, թե այդ գումարն իրեն պետք է եղել ստուգման հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

Ապա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությանը ներկայացրեց այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը վկայից ցուցմունք վերցնելու ժամանակ խեղաթյուրել է նրա իրավունքները: «Վկան հարցաքննվել է ՀՀ ՔՕ 206 հոդվածով սահմանված ժամից ավել` 4 ժամի փոխարեն, 4 ժամ մոտ 20 րոպե է տևել հարցաքննությունը»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը, ինչին ի պատասխան` դատարանը նշեց, որ նկատի կունենան:

Նախաքննական հաջորդ ցուցմունքը Հովհաննիսյանը տվել է դեկտեմբերին` արդեն մեղադրյալի կարգավիճակում, և իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է:

«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում միայն այն բանի համար, որ գումարները տվել եմ Խաչիկյանին»,- ասել է Հովհաննիսյանը:

Դատարանը ճշտող հարց ուղղեց ամբաստանյալին, թե եղել են նախաքննական մարմնի կողմից սպառնալիքներ, հորդորներ, անօրինական քայլեր, որոնց ազդեցության տակ ինքը գրել է ցուցմունքը, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց:

Հարցաքննվող մյուս ամբաստանյալը Ավան և Նոր-Նորք տարծքային բաժնի նախկին պետ Արթուր Սուքիասյանն էր:

Վերջինս խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, և իրեն առաջադրված մեղադրանքներով ամբողջությամբ մեղավոր ճանաչեց:

Ապա հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական բոլոր ցուցմունքները:

«Ինձ, որպես շնորհակալություն, կենսաթոշակառուները տվել են 20-30 հազար դրամ: Կենսաթոշակառուներից մի քանիսի ստորագրությունները դրել եմ ես: Հետո կենսաթոշակառուների մանրը ես եմ վերցրել: 50%-ը, ըստ պայմանավորվածության, տվել եմ Աշոտ Աբրահամյանին»,- ասել է Սուքիասյանը:

Քննիչի հարցին, թե իրեն տված շնորհակալության 300 հազար դրամն ինքն ի՞նչ է արել, Սուքիասյանն ասել է, թե ոչ մեկին չի տվել: Ապա նշել է, որ իրեն չեն հայտնել մահացած կենսաթոշակառուների տվյալները, այլ ասել են, թե նրանք հանրապետությունից դուրս են եկել որոշ ժամանակով:

Արդեն որպես կասկածյալ տված ցուցմունքներում ամբաստանյալը նշել է, որ իրեն մի օր իր մոտ է կանչել տարածքային կառավարման պետ Աշոտ Աբրահամյանը և ասել, թե «հեշտ փող աշխատելու ձև կա»: Ինքը հարցրել է` ինչպես, իսկ Աբրահամյանն ասել է, թե ինքը ղեկավարության հետ ամեն ինչ հստակեցրել է և ոչ մի հարց չի առաջանա:

Աբրահամյանն ասել է, որ դուրս գրված գումարի 10%-ն իրեն կտա, իսկ մյուս մասի հետ ինքը գործ չպետք է ունենա:

«Աբրահամյանն ինձ ասաց, որ կենսաթոշակառուները պետք է լինեն մեծ տարիքի, չմահացած, Հայաստանից դուրս եկած: Ես, իհարկե, կհրաժարվեի, սակայն որպես իմ ղեկավար` ինձ պարտադրեց, և ես չէի կարող մերժել»,- նախաքննական ցուցմունքում ասել է Սուքիասյանը:

Մի քանի օր անց իրեն կանչել է Աբրահամյանը և տվել գումարի տասը տոկոսի չափով, ասել է, թե ամեն  ինչ նորմալ է, և պետք է շարունակել նույն կերպ աշխատել: Հետո ասել է, որ պետք է կենսաթոշակառուի անվան տակ ստորագրել, Սուքիասյանը հարցրել է` ինչու ինքը պետք է ստորագրի, Աբրահամյանն ասել է, որ այդպես է պետք:

«Գումարները տվել եմ Աբրահամյանին նրա սենյակում, իսկ ինքը ինձ մշտապես տվել է տասը տոկոսի չափով: Դիմումների մեծամասնությունը գրվել է իմ կողմից` Աբրահամյանի հանձնարարությամբ: Թե բացի ինձնից ովքեր են ստորագրել ցուցակում, ես չգիտեմ, Աբրահամյանի հետ դրա մասին չեմ խոսել: Իսկ թե մյուս տոկոսներն ում էին անցնում, դա էլ չգիտեմ: Աբրահամյանն ինձ ասել է, որ եթե կենսաթոշակառուները հետ գան, գումարը կհավաքենք, հետ կտանք»,- ասել է ամբաստանյալը:




Լրահոս