Վ. Խաչիկյանի գործով ամբաստանյալն իրացրել է 15 մլն դրամից ավելի գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը շարունակվում է:

Դատարանը հայտնեց, որ պետք է ցուցմունք տա ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը, ով խնդրեց դատարանին սկզբում հարցաքննել մյուսներին, քանի որ ինքը ցանկանում է հասկանալ՝ «ինչու է հայտնվել բերդում»: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ հերթականությունն արդեն նշված է, սակայն ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տալուց հրաժարվեց:

Ապա մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, իսկ պաշտպան Ջուվանովան հարց ուղղեց` որ հիմքով է մեղադրողը խնդրում հրապարակել նախաքննական ցուցմունքը, եթե իր պաշտպանյալը չի հրաժարվել ցուցմունք տալուց: Դատախազը նշեց, որ ամբաստանյալն արհեստականորեն ձգձգում է դատաքննությունը:

Դատարանը գտավ, որ անհրաժեշտ է հրապարակել նախաքննական ցուցմունքները, որոնք առկա են գործում:

Ցուցմունքներում Մուրադյանը քննիչին հայտնել է, որ մի քանի անգամ վերցրել է կենսաթոշակառուների գումարները:

«Գումարը ստանալուց հետո տեսել եմ, որ ստորագրել եմ կրկնակի շատ գումարի չափի դիմաց: Հետո դրա մասին ասել եմ Վահագին, ինքն էլ ասել է, որ դրանից խնդիր չի կարող առաջանալ: Ստորագրել եմ վճարային ցուցակներում իմ ստորագրությամբ»,- ասվում է նախաքննական ցուցմունքում:

Ավելի ուշ ասել է, որ ինչ արել է Վահագն Խաչատրյանի համար, արել է անշահախնդիր` մտածելով, որ հետագայում Վահագնը իրեն շնորհակալություն կհայտնի:

Պաշտպան Ջուվանովան միջնորդություն հայտնեց ապացույցի վերաբերյալ:

«Իմ պաշտպանյալը ցուցմունքը տվել է որպես վկա: Տեսանք, որ առանց որևէ տվյալ հայտնելու, միանգամից որպես կասկածյալ են հարցաքննում: Այս հանգամանքը պետք է աչքաթող չարվի ո՛չ դատարանի, ո՛չ էլ հակառակ կողմից: Ապացույցը որպես ապացույց համարվելը, պետք է արգելվի: Բագրատ Մուրադյանն ասում է, որ Վահագնին ընդունում է որպես իր ազգական, այդքան բան»,- միջնորդեց պաշտպանը:

Դատարանը կարծիք հայտնեց, որ նման միջնորդությամբ հանդես են գալու նաև մյուս պաշտպանները, և պաշտպան Արա Զաքարյանը  կարծիք հայտնեց, որ այս միջնորդության քննարկումը կապ չունի մյուսների հետ:

Իսկ նախագահողը պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ժամանակը ռացիոնալ օգտագործվի, և նրանք, ովքեր նույն հայտարարությամբ են հանդես գալու, դա անեն նույն պահին:

Իսկ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ որոշումն այնքանով են հիմնավոր համարում, որքանով այն հիմնավոր կերպով կպարզաբանվի, և դատարանին խնդրեց ըստ էության որոշում կայացնել:

Ամբաստանյալի պաշտպան Ջուվանովան պնդեց, որ որոշումը շտապ պետք է կայացվի:

«Նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողն է հասկանում, որ եթե վկան դեռևս ցուցմունք չի տվել, ինչպես կարող է մեղադրողը հարցեր տալ»,- ասաց պաշտպանը:

Սակայն Վահագն Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ այս պարագայում պետք չէ միջնորդությունը քննարկել:

Դատարանը հայտնեց, որ միջնորդության քննարկմանը կանդրադառնա սույն նիստի ավարտին:

Ապա հրապարակվեց ամբաստանյալի մյուս ցուցմունքը:

«Վ. Խաչատրյանը վերցրել է կենսաթոշակառուների գումարները: Նրանք, ովքեր Հայաստանում չէին, նրանց՝ բոլորի կուտակված գումարներն էլ վերցրել է: Վերցրել է 15 միլիոնից շատ»,- ասվում էր ցուցմունքում` նշելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանը հայտարարեց ընդմիջում:




Լրահոս