Արդեն մեկ տարի գործող «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ոչ վաղ անցյալում զբաղվել է բիզնեսով: Երկու տարի առաջ նա ուներ «Պոլիտիկա» անվամբ գեղեցկության սրահ, որը, սակայն, այժմ չի գործում:
Armlur.am-ը գեղեցկության սրահի փակման պատճառների մասին զրուցեց Անի Զախարյանի հետ:
– Ի՞նչ կապ ունեք «Պոլիտիկա» անվամբ գեղեցկության սրահի հետ:
– Դա վաղուց է եղել: Երկու տարի առաջվա պատմություն է, հետո փակեցի:
– Հիմա չի՞ գործում:
– Չէ՛, հիմա չի գործում:
– Այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելուց առաջ բիզնեսո՞վ եք զբաղվել:
– Ճիշտն ասած, քաղաքականությունից զատ՝ եթե ես որոշեմ բիզնեսով զբաղվել, շատ լավ կկարողանամ զբաղվել: Բայց անունը ինքնին արդեն հուշում է, որ դա ինչ-որ տեղ քաղաքական սկիզբ էր: Հետո ես զգացի, որ ես ինչով որ պետք է զբաղվեմ, մաքսիմալ պետք է զբաղվեմ: Իսկ իմ գերնպատակը քաղաքականությունն է:
– Այսինքն՝ գեղեցկության սրահի փակման պատճառը Ձեր քաղաքական նախասիրություննե՞րն էին:
– Այո՛, որովհետև եթե ես մի գործի նվիրվեմ, պետք է ամբողջապես նվիրվեմ: Ես այնտեղ ամբողջովին չէի նվիրվել և զգացի, որ այն խնդիրները, որոնք առկա են, դրանց պատճառով կտուժի այն գործը, որի իրական նվիրումն ինձ է պատկանում:
– Քանի՞ աշխատող ունեիք:
– Դե՛, կային բավականին աշխատողներ: Ավելի շատ ես իրենց սովորեցնում էի, դասընթացներ էի կազմակերպում: Ես գեղեցիկի արվեստի ջատագովն եմ, իսկ դա ինչ-որ տեղ նաև արվեստ է: Բոլոր աշխատողների համար հատուկ ինտերնետից նյութեր էի հանում, նրանց դիտել էի տալիս, սովորեցնում էի: Ստեղծագործող մարդը կարող է ստեղծագործել ամենուրեք:
– Հարկերը պարտաճանաչ կերպով վճարո՞ւմ էիք:
– Սկզբնական շրջանում մենք գործել ենք բարեգործական հիմունքներով: Մի որոշակի ժամանակ մենք որևէ գումար չէինք վերցնում:
– Ակցիայո՞վ սկսվեց գեղեցկության սրահի գործունեությունը:
– Դե՛… ավելի շատ հաճախորդներ հավաքելու համար և վարսավիրների հմտություններն ավելացնելու համար: Դա ինձ համար ավելի շատ նախասիրություն էր, քան բիզնես: Իմ նպատակները կրկին քաղաքական էին, և գիտեի, որ դա կարճ ժամանակով է լինելու:
– Բայց, ի վերջո, հարկեր վճարո՞ւմ էիք:
– Երբ որ բարեգործական փուլն անցավ, այո:
– Իսկ հարկայինը երբևէ Ձեզ ստուգե՞լ է:
– Այն ժամանակ, երբ բարեգործական հիմունքներով էինք աշխատում, նրանք եկել էին, և ես բացատրեցի, որ գումար չենք վերցնում հաճախորդներից: Իսկ ինչի՞ համար պետք է տուգանեին, եթե ամեն ինչն օրինական էր:
– Իսկ անվճար լինելը հերթե՞ր էր կուտակում:
– Նախ, երբ գեղեցկության սրահը բացելու եղա, այդ ժամանակ մուտքը դրսից չէր, և, քանի որ ներսից էր, չգիտեին, որ պետք է գան, շրջանցեն: Հետո մուտքը դրսից բացեցինք: Դիմեցի քաղաքապետարան, լիքը խնդիրներ առաջացան, բայց համառ պայքարում ամեն ինչ օրինական ձևով՝ դրսի հատվածից դուռը բացվեց:
– Ստացվում է, երբ արդեն դրսի մուտքը բացվեց, աշխատելու ցանկություն էլ չկա՞ր:
– Ոչ թե ցանկություն, այլ, օրինակ, ժամանակ: Երկար ժամանակ է պետք, որ հաճախորդը հարմարվի քեզ, հետո վստահի:
– Իսկ հնարավո՞ր է, որ այդ բիզնեսի օրինակով քաղաքականությունից էլ հիասթափվեք:
– Ես արդեն հստակ մեկնաբանեցի, և անունն էլ պետք է հուշեր, որ իմ միակ նպատակը քաղաքականությունն է եղել, և դա է այն տեղը, որն ինձ համար ընդամենը նախասիրություն չէ:
Դավիթ Վանեսյան