Այս օրերին, երբ հաճախակիացել են հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերն, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը դարձել է գրեթե պերմանենտ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից այցելում են Տավուշ` հանդիպելու տեղի բնակչությանն ու լսելու նրանց խնդիրները: Սակայն հայտնվելով օրվա լրահոսում և մտահոգ դեմքերով նկարվելով հայրենիքի սահմանը պահող գյուղացիների հետ` հայրենի պաշտոնյաներն իրենց պարքը ավարտված են համարում, և վերադառնալով Երևան` մոռանում տավուշցիներին տված խոստումներն էլ, իրագործելու անհրաժեշտությունն էլ:
Նշենք, որ հատկապես վերջին ամիսներին սահմանամերձ Այգեպարի անունը գրեթե ամեն օր հիշատակվում է լրատվական թողարկումներում, և բոլորին է հայտնի, որ պարբերաբար գնդակոծվող այս գյուղում մարդիկ ապրում են` վտանգը մշտապես աչքի առջև:
Ամենատխուրը, սակայն, այն է, որ առայսօր պայմաններ ստեղծված չեն մանկապարտեզ և դպրոց հաճախող այգեպարցի մանուկների համար, ովքեր մեկ անգամ չէ, որ հրաշքով են խուսափել ազերիների գնդակներից: Այգեպարի մանկապարտեզի և դպրոցի անվտանգությունն ապահովող պաշտպանիչ պատի կառուցման անհրաժեշտության մասին խոսվում է արդեն մի քանի տարի, «Ժողովուրդ»-ը ևս բազմիցս անդրադարձել է այս խնդրին` ներկայացնելով, թե ինչպես են մարզի տարբեր տարիների պաշտոնյաները խնդիրը գցում մեկը մյուսի վրա, իսկ միջազգային դոնորներն էլ, թեև փորձում են օգնել, սակայն նրանց կողմից տրամադրվող միջոցները բավարար չեն:
Եվ ահա` հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի ՙԱյո՚ հարթակի երիտասարդները «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ դրամահավաք են կազմակերպել, որի արդյունքում հանգանակվել է 137 660 դրամ: Այս գումարն, իհարկե, բավարար չէ 70 մետրանոց պատի կառուցման համար, սակայն ինքնին դրամահավաքի փաստը շատ հուզիչ է: Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանական վերնախավում քիչ չեն տավուշցի պաշտոնյաները, որոնց համար այդ 137 հազար դրամն ընդամենը մի «պերերիվի փող» է:
Թե՛ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, թե՛ 15 տարի Տավուշի մարզպետ աշխատած, ներկայում քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, թե՛ գործող մարզպետ Հովիկ Աբովյանը, ով նախկինում Գուգարքի մաքսատան պետն էր, թե՛ ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, և թե՛ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, վստահաբար, քաջատեղյակ են այս խնդրի մասին: Ու եթե նրանցից յուրաքանչյուրն իրենց եկամուտների հինգ տոկոսը գոնե երկու ամիս կուտակեն, հաստատ սահմանամերձ այդ գյուղի համար կենսական նշանակություն ունեցող արգելապատնեշը վաղուց կառուցված կլիներ: Պարզապես ցանկություն ու պատասխանատվության գիտակցում չկա: Ավաղ: