ԵԹԵ ԵԹԵ-ՆԵՐՈՎ, ԱՊԱ ԿՀԻՇՎԻ ՆԱԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՆԱԿ ԷՌոբերտ Քոչարյանի ընդարձակ հարցազրույցի հիմնական մեսիջները երկուսն էին. ա) ունակ է ոչ միայն ձեւավորել, այլեւ գլխավորել խորհրդարանական մեծամասնությունը եւ բ). ՀՀԿ ընտրացուցակի մինչեւ վերջին մարդու թեկնածությունը համաձայնեցված է եղել իր հետ: Հետեւաբար, նաեւ ցուցակի  առաջին մարդու` Սերժ Սարգսյանի մասով: Երեկ Ազգային Ժողովում  սա միանշանակ մեկնաբանվում էր որպես «ՀՀԿ-ից մեծ կտորներ պոկելու» քայլ: Մեծ կտոր է մեկնաբանվում թե՛ վարչապետի աթոռը, եւ թե՛ ԲՀԿ-ն, գումարած ՀՀԿ ռոբերտքոչարյանական թեւը: Չի բացառվում նաեւ ՀՅԴ-ն: Ըստ ՀՀԿ-ի ոչ պաշտոնական մեկնաբանությունների,  փետրվարի 7-ին կոալիցիոն նիստում Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին մինչեւ հինգշաբթի, առավելագույնը ուրբաթ, այսինքն` ԲՀԿ-ի համագումարին ընդառաջ  ժամանակ է տվել` մտածելու: Կամ, կամ. կա՛մ որոշել` ում հետ է շարունակում եւ կա՛մ դուրս գալ կոալիցիայից: Մեր զրուցակիցը նույնիսկ տպագրության համար ոչ պիտանի բառով նկարագրեց այդ «եւ կամ»-ին հաջորդող գործողությունը` ինչ անել: Ընդ որում, այս ՀՀԿ-ականները, որ նախկինում չէին թաքցնում, թե իրենք են շահագրգռված ԲՀԿ-ին պահելով, երեկ պնդում էին, որ այս անգամ նախաձեռնությունը գալիս է Սերժ Սարգսյանից: ՀՀԿ-ում հասկացել են, որ ԲՀԿ-ի առաջնորդին ձեռնտու է կոալիցիայում մնալ մինչեւ վերջին պահը: Այսինքն` ընտրություններից մեկ ամիս առաջ, երբ արդեն Հանրապետականին դժվար կլինի գործադրել պատժի մեխանիզմները: Իսկ ԲՀԿ-ական աղբյուրներից փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 7-ի դրությամբ չէր կարող մասնակցել կոալիցիոն նիստին, քանի որ նույն օրվա կեսօրի դրությամբ, արդեն հանրապետությունում չէր: Որեւիցե պաշտոնական մեկնաբանություն, լուր ԲՀԿ-ից երեկ ստանալ այդպես էլ չհաջողվեց, քանի որ  ողջ ֆրակցիան երեկ ասես հօդս էր ցնդել. Արամ Սաֆարյանը Վիեննայում էր, Նաիրա Զոհրաբյանը` հանդիպման, չկային նաեւ Վերսանդիկը եւ մյուսները: Բնականաբար, նրանք նաեւ խորապես անհասանելի էին եւ կամ ուղղակի չէին վերցնում հեռախոսը:  Միակ ԲՀԿ-ականին, որին հաջողվեց հանդիպել երեկ խորհրդարանում` Գոհար Ենոքյանն էր, որը մեր բոլոր հարցերին պատասխանեց մեկ` «հիմարություն» բառով ու արագ հեռացավ:Նշենք, որ Հանրապետականներն էլ այնքան «շատվոր» չէին: Այսինքն` ՀՀԿ խմբակցության ղեկավարին չհաշված, ներկա էին այնպիսի պատգամավորներ, որոնց կոալիցիայի փլուզման մասին հարցով լրագրողները հաստատ չէին մոտենա:ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԵրկրորդ նախագահի հարցազրույցն այնքան ակնհայտ էր` որպես քաղաքականություն մտնելու հայտ, որ նույնիսկ քաղաքականության մեջ մինչեւ վերջ թրծված Գալուստ Գրիգորիչի ներվերը չհերիքեց, որպեսզի դա  ներկայացներ որպես հերթական ներկոալիցիոն տարաձայնություն: Ի վերջո նա ասաց, որ կոալիցիաները հավերժ չեն, քանի որ երկու տարբեր կուսակցություններ են: Իսկ մինչ այդ նա սովորության համաձայն մի քիչ գալուստսահակյանական մտքեր հայտնեց: Օրինակ`  «Շարմազանովի ասածը վերաբերում էր ընդհանուր տեքստին` որպես իրողություն եւ բնականաբար դա պատմական էքսկուրսի տեսքով հնարավոր չէր ներկայացնել, որովհետեւ  տարիներ առաջվա պատմություն է»: Ի տարբերություն «հերթապահ» դիրքերում առավոտից գտնվող Գալուստ Սահակյանի, երեկ ԱԺ-ում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը համարվում է կուսակցության ավելի պաշտոնական տեսակետի արտահայտող, հայտնվեց վերջին պահին, բայց ծառուկյանա-քոչարյանական մասով որեւէ հայտարություն չարեց: ՀՀԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸԱռայժմ զգուշացումների մակարդակով խոսեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը` հայտարարելով.«Եթե խոսում ենք «եթե»-ներով, ապա խոսենք ամբողջական: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն չսատարեր երկրորդ նախագահին, կոալիցիայի մեջ չլիներ, 2007-ին նոր կոալիցիա չկազմեր, եւ  նմանատիպ նոր «եթե»-ներ: Սակայն մյուս կողմից, ես ինքս էլ համաձայն եմ, որ «եթե»-ներով չեն առաջնորդվում, եւ իրականում այսօր մենք ունենք այն, ինչ-որ ունենք, եւ ո՞վ պիտի դառնար ու  կարող էր դառնալ, արդեն դարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախագահ»: Նա նկատեց, որ նման  մեկնաբանություններ տրվում են միայն խորհրդարանական ընտրություններին նախորդող, հաջորդող ժամանակներում: «1998թ-ի նախագահական ընտրությունների նախընտրական պաստառները բոլորս ենք հիշում, երբ իշխանության թեկնածու, իսկ հետո արդեն ՀՀ երկրորդ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին, որպես քաղաքական կերպարներ, սատարում էին ՀՀԿ ապագա երկու առաջնորդները` Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր, այլ քաղաքական կողմնորոշում չունենար»,- հարցրեց Ավագյանը:Այսպիսով, հայտարարությունների ժամին միակ  ինտրիգը Կարեն Ավագյանն էր: Ինտրիգային էր նաեւ ՀՀԿ խմբակցության ընդունարան  ներսուդուրս անող խնամի Վլադիմիր Բադալյանի բարձր տրամադրությունը:  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՔոչարյանի վերադարձի հարցում որոշակի  դերակատարություն է վերապահվում նաեւ ՀՅԴ-ին, որը մեր զուցակիցներից մեկի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի օրոք ապրում էր իր «ոսկեդարը»: Խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը երեկվա իրարանցումը պայմանավորեց  Ռոբերտ Քոչարյանի «լուրջ քաղաքական դերակատարմամբ», բայցեւ մինչեւ վերջ չբացառեց, որ հարցազրույցը քաղաքական  հայտ է: «Կվերադառնա, թե չէ` ցույց կտա ժամանակը»,- ասաց` ավելացնելով, որ  «Նման հավակնություն ունեցող մարդու համար վերադարձը կնշանակի` շատ հստակ հայտարարել այդ մասին: Այս ձեւերով կարող է վերադառնալ որեւէ այլ մակարդակի գործիչ, բայց ոչ նախագահի հավակնություն ունեցող մարդը»: Հարցին էլ, թե «հանրապետության ամենաերիտասարդ  թոշակառուն, կառավարությունում չունենալով ներկայացուցիչներ ու  սեփական քաղաքական ուժ, ինչպե՞ս կարող է վերադառնալ, եթե ոչ այլ քաղաքական ուժերի միջոցով», պատասխանեց.«Բնականաբար, եթե վերադառնա, պետք է փորձի կամ ստեղծել, կամ համագործակցել քաղաքական ուժերի հետ: Իսկ դա ՀՅԴ-ի պարագայում, գիտեք ինչ` շատ տեսական բան է, մենք այսօր գոյություն ունենք քաղաքական դաշտում, Ռոբերտ Քոչարյանը` գոյություն չունի քաղաքական դաշտում: Այսինքն` եթե ակտիվ  դերակատար չի` ինչ համագործակցության  մասին կարող է խոսք լինել»: Ամեն դեպքում, ո՞ր մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ նման հայտարարությունները ոչինչ չեն նշանակում: Նույնը, ի դեպ, վերաբերում է ԱԺ նախագահի նախօրեին` Սերժ Սարգսյանի տված հավատարմության երդումներին: Երդումը, ինչպես հայտնի է` քաղաքական կատեգորիա չէ: Թեպետ մյուս կողմից ինչ իմանաս, գուցե իսկապես անկեղծ էր ԱԺ նախագահը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս