«Ազատության» հաղորդմամբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, թե ԼՂՀ-ն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Ըստ աղբյուրի` նա ասել է.«Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա»:
Այն, որ ԼՂՀ-ում կատեգորիկ դեմ են Մադրիդյան սկզբունքներին` նորություն չէ: Ինչպես հայտնի է, բանակցային սեղանին դրված այդ փաստաթղթով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել ազատագրված 7 շրջանները` բացառությամբ Լաչինի միջանցքի հատվածի: Մինչդեռ ԼՂՀ սահմանադրությամբ իսկ ազատագրված շրջանները համարվում են Ղարաբաղի անքակտելի մասը, եւ այս հարցի շուրջ ԼՂՀ դիրքորոշումն ի սկզբանե պարզ էր: Խնդիրն այն է, սակայն, որ մինչ օրս ԼՂ իշխանությունները խուսափում էին ուղիղ տեքստով այդ մասին խոսելուց եւ նշում էին, թե իրենք պաշտոնապես տեղեկացված չեն Մադրիդյան փաստաթղթի բոլոր մանրամասներին: Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը դեռ տարիներ առաջ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հետ կապված որեւէ գաղտնիք չկա, եւ որ այդ փաստաթղթին հանգիստ կարելի է ծանոթանալ ինտերնետում:
Դժվար է ասել` գուցե Ղարաբաղում ինտերնետն էր վատը, իսկ գուցե այդ հարցում զգալի դերակատարություն ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները, սակայն փաստն այն է, որ հատկապես Աստանայի գագաթաժողովից հետո Ղարաբաղի իշխանությունները քայլ առ քայլ ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումն ու ընդգծում ՀՀ գործող իշխանություններից տարբերվող իրենց մոտեցումը: Դա ակնհայտ դարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե «մեր պատկերացմամբ» Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, ուստի Հայաստանը դեպի Մաքսային միություն է գնում առանց Ղարաբաղի: Դրան, հիշեցնենք, հետեւեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ Քոչարյանի պատկերացմամբ` Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Այս նույն տեսակետն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ ամրագրվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների կողմից, եւ նույն Արա Հարությունյանը վերը նշված քննարկման ընթքացքում վերստին արձանագրել է.«Ես համարում եմ, որ մենք արդեն վերամիավորված ենք: Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ, սահման, մաքսային սահման չի լինելու՝ երբեւէ՝ ոչ միայն այսօր, այլ երբեւէ չի լինելու նման մաքսակետ եւ մաքսային սահման կամ ընդհանուր առմամբ սահման Արցախի եւ Հայաստանի միջեւ»:
Այսպիսով` հետզհետե ակնառու է դառնում, որ Ղարաբաղի իշխանություններն ու ՀՀ քաղաքական դաշտի մի զգալի հատվածը գործող նախագահից տարբեր դիրքորոշում ունեն: Գրեթե այնպես, ինչպես 1998 -ին էր, երբ երկրի նախագահը «հայտնի ուժերի» ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ: Իսկ թե այդ «գրեթե»-ն որ ուղղությամբ կզարգանա, պարզ կդառնա, թերեւս, աշնանը: