Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին ԱՄՆ-ի «հարձակումներից». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձագանքելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախօրեի հայտարարությանը, որով Հայաստանի ընկերություններին կոչ էր արվում դադարեցնել ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները` ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ` ԱՄՆ դեսպանատան կոչը որակելով որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:

Ռուսների հայտարարությունում մասնավորապես ասված է.«Դիվանագիտական ներկայացուցչության առաքելությունը չէ՝ երկրի իշխանություններին ցույց տալ, թե ում հետ եւ ինչպես պահպանել կապերը, հատկապես՝ իր բառապաշարում օգտագործելով ինքնիշխանության հասցեին նշվող թույլ արտահայտված սպառնալիքները: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար ոլորտը ունակ է ինքնուրույն գլուխ հանել բիզնեսի վարման հարցերից եւ օտարների հուշումների կարիքը չունի»:

Անկեղծ ասած` միանգամայն համամիտ ենք ռուսների հատկապես վերջին պնդման հետ, որ Հայաստանի ինչպես գործարար, այնպես էլ քաղաքական եւ, առհասարակ, բոլոր շրջանակները ունակ են ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից եւ օտարների` լինի դա ԱՄՆ, թե ՌԴ, հուշումների կարիքը չունեն: Լավ կլինի, որ ՌԴ դեսպանատունն ու մերձկրեմլյան զանազան շրջանակներն այս իրողությունը հիշեն եւ ձեռնպահ մնան պատեհ-անպատեհ Հայաստանին իր շահերը բացատրելու-պարտադրելու գործելաոճից:
Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում նշված` ԱՄՆ-ի կողմից ՀՀ «ինքնիշխանության հասցեին հնչող թույլ սպառնալիքներին», ապա հարկ է նկատել, որ զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ եւ հայտարարում, թե առանց ռուսների Հայաստանը պարզապես կորած է: Էլ չասած` ռուսաց լեզվի կարգավիճակի մասին անհեթեթ հայտարարություններ անող կրեմլյան որոշ խոսափողների` Հայաստանի ինքնիշխանությամբ խիստ մտահոգ ելույթների մասին:

Իհարկե, միանգամայն արդարացիորեն նշելով, որ «Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հակասում են Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու մասին ամերիկյան կողմի կեղծավոր հայտարարություններին»՝ ՌԴ դեսպանությունում, սակայն մոռանում են, որ այդ ընկերություններին տասը տարուց ավելի է «Գույք պարտքի դիմաց» ծրագրով նվիրաբերված են բազմաթիվ հզորություններ, որոնց գործարկումը կասեցրած, փոխարենը Հայաստանից ամենավերջին ակտիվներն էլ պարտքի դիմաց յուրացրած երկրի կողմից եւս ՀՀ տնտեսության զարգացման մասին մտահոգությունները, մեղմ ասած, կեղծավոր են:




Լրահոս