«Վերնիսաժի» կրակոցներից հետո անհետացած ավտոմեքենան շարունակում է առեղծված մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանն այն պահից, երբ պաշտպանությունը ստանձնել է Փաստաբանների պալատի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ցուցմունք չի տվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց պաշտպան Բաղդասարյանը` հավելելով, որ այս պահին քննչական գործողություններ են իրականացվում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ կալանավորը գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Լևոն Բաղդասարյանին առանց պատճառաբանության հնարավորություն չէր տրվում շփվել իր վստահորդի մեջ:

«Այս պահին ազատ շփում կա իմ և վստահորդիս միջև: Վալերի Հովհաննիսյանն, ըստ էության, ներկայացված է որպես մեղադրյալ, սակայն մեղադրանքի և դատական սանկցիայի հետ կապված բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան:

Վերաքննիչը թողեց ուժի մեջ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, օրենքով սահմանված կարգով կբողոքարկենք նաև վճռաբեկ դատարանին»,- շարունակելով խոսքն` ասաց պաշտպան Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է դեպքի վայրից անհետ կորած BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենային, պաշտպանը նշեց, որ սեփականատերը` Վալերի Հովհաննիսյանի հայրը` Սամվել Հովհաննիսյանը` դիմում է ներկայացրել ոստիկանություն, սակայն դեռևս նորություններ չկան:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր էին հասել, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն:

Բայց մյուս կողմից՝ մեքենայի կորելը խիստ առեղծվածային կարելի է համարել, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի տարածքում հնչել է 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ):

Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, դեռ պարզվում է: Չի բացառվում, որ կրակոցներ են հնչել նաեւ BMW-ի միջից, ու հիմա հետքերն են մաքրվում:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի գործով» կալանավորվել են Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, իսկ Գոռ Առաքելյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):




Լրահոս