«Ռոսիյսկայա գազետա»-ն երեկ գրել էր, որ «Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքները միասնական ֆինանսական շուկա եւ միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետեւի արդեն միասնական արժույթի ստեղծումը»: ՌԴ կառավարության պաշտոնական տեսակետը ներկայացնող այս պարբերականի փոխանցմամբ` միասնական վճարման համակարգի, ապաեւ` միասնական արժույթի ստեղծումն է՛լ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում` հաշվի առնելով Ռուսաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ ԱՄՆ եւ ԵՄ երկրների սահմանած պատժամիջոցները, որոնց թիրախում էին հայտնվել նաեւ ռուսական խոշորագույն բանկերը: Այս նպատակով նախատեսվում է մշակել միասնական ֆինանսական չափորոշիչներ եւ կանոններ՝ Միության անդամ բոլոր պետությունների համար, իսկ Եվրասիական զարգացման բանկի հիման վրա էլ ստեղծել միասնական Հաշվարկային պալատ:
Իհարկե` պատժամիջոցների սահմանումն ընդամենը լրացուցիչ փաստարկ է` է՛լ ավելի արագ իրականացնելու պուտինյան այս նախագիծը: Սակայն անգամ եթե այն չլիներ, ԵՏՄ-ի ստեղծումից հետո հաջորդ քայլն անխուսափելիորեն լինելու էր հենց միասնական արժույթի ստեղծումը: Ուշագրավ է, որ նույն հրապարակման մեջ այս մասին փաստում են նաեւ ՌԴ նախագահին կից տնտեսական ակադեմիայի փորձագետները: Ասել է թե` անցումը ռուբլուն կամ տենգեին (ղազախական արժույթ) ի սկզբանե ոչ միայն սպասելի էր, այլեւ ծրագրված:
Մինչդեռ, ինչպես հիշում ենք, ՀՀ իշխանական վերնախավը` սկսած ֆինանսների նախկին նախարարներ Վաչե Գաբրիելյանից եւ Դավիթ Սարգսյանից, ավարտած ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահով եւ պատգամավորներով` այս հարցում եւս հանդես էր գալիս ինքնամոռաց հերքումներով: Ավելին՝ Վաչե Գաբրիելյանը, ով, ի դեպ, ներկայում էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականն է, ընդհամենը մի քանի ամիս առաջ` անցած նոյեմբերի 18-ին, հայտարարեց. «Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու մասին ենթադրություններն ուղղակի անհեթեթ են»:
Անկեղծ ասած` դժվար է միանշանակ ասել, թե ինչպես կանդրադառնա միասնական արժութային համակարգ մտնելը Հայաստանի տնտեսության վրա: (Եթե, իհարկե, ի վերջո անդամակցենք ԵՏՄ-ին): Չի բացառվում, որ անգամ դրական անդրադառնա: Թեեւ մի երկրում, որի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր մի հայտարարություն են անում, իսկ վաղը` առանց կարմրելու համոզում տրամագծորեն հակառակի մեջ, անգամ ամենադրական գործընթացներն, ի վերջո, բացասական արդյունք կտան:
Հ. Գ. Իսկ թե ԵՏՄ-ին անդամակցելուց եւ ռուբլու գոտի մտնելուց հետո ինչ է լինելու տխրահռչակ կուտակային համակարգի հետ« վստահաբար չգիտի ոչ ոք: Հավանաբար ՀՀ կառավարությունում բոլորը թաքուն հույս են փայփայում, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի կայանա: