ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տիրող իրավիճակը գնալով ավելի զավեշտալի է դառնում: Մի կողմից «Ժառանգություն»-ում գնալով նվազում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների թիվը, մյուս կողմից` այս խմբակցության հերթական պատգամավորն է կանգնել մանդատը վայր դնել, թե չդնել երկընտրանքի առաջ:

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրեր առաջ մեկնել է ԱՄՆ. նա 5 ամիս ուսանելու է այնտեղ եւ ԱԺ գարնանային նստաշրջանի ողջ ընթացքում չի մասնակցի ԱԺ նիստերին: Հիմա «Ժառանգություն» խմբակցությունում համանուն կուսակցության ներկայացուցիչներից մնացել է միայն Ռուբիկ Հակոբյանը, որին, սակայն, միայն մեծ վերապահումներով եւ ընդամենը «դե-յուրե» կարելի է համարել «Ժառանգության» անդամ. թեեւ նա պաշտոնապես չի լքել այդ կուսակցությունը, սակայն վաղուց ի վեր խզել է կապերը ժառանգականների հետ: Ավելին, «Ժառանգություն»-ն ԱԺ պատմության մեջ միակ խմբակցությունն է, որն ընտրություններից անմիջապես հետո, դեռ լիագումար նստաշրջանը չսկսված, արդեն իսկ պառակտվեց: ԱԺ-ն ձեւավորվեց 2012թ. մայիսին, իսկ հուլիս-օգոստոսին ծագեցին հակասություններ «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ»-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների միջեւ, եւ սեպտեմբերին` նստաշրջանի մեկնարկին, նրանք պաշտոնականացրին իրենց «ամուսնալուծությունը»:

Դնել, թե չդնել՝ այս է խնդիրը
Շատերը կհիշեն՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քանի անգամ որոշեց վայր դնել մանդատն ու հրաժարական տալ, հետո փոշմանեց ու դիմումը հետ վերցրեց: Հիմա նույն վիճակն է «Ժառանգության» անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանի մոտ: Նա դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել, բայց չի բացառվում, որ հրաժարվի այդ մտքից: Վերջնական որոշում կայացնելու համար Պողոսյանը դեռ մեկ ամիս ժամանակ ունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներն այս օրերին փորձում են ամեն գնով համոզել Թ. Պողոսյանին հետ կանգնել հրաժարական տալու մտքից. բանն այն է, որ համամասնական ցուցակում Թ. Պողոսյանին հաջորդում է «Ժառանգության» երբեմնի գործընկեր «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Մասիս Այվազյանը: «Ժառանգություն»-ում գերադասում են՝ պատգամավոր մնա անկուսակցական Պողոսյանը, քան թե խորհրդարան գա ԱԴԿ-ականը:
Նկատենք, որ Պողոսյանի այս քայլը խիստ անակնկալ էր շատերի, այդ թվում «Ժառանգություն» խմբակցության եւ կուսակցության անդամների համար: Ավելին, հրաժարականի մասին նա հայտարարեց ամանորյա տոներից մի քանի օր առաջ` դեկտեմբերի 28-ին: Թե որոնք են պատճառները, Թ. Պողոսյանը հրաժարվում է խոսել:
«Ժողովուրդ»-ին, սակայն, Թ. Պողոսյանի հրաժարականի վերաբերյալ որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ շրջանառվող լուրերի՝ Թ. Պողոսյանին հրաժարականը պարտադրվել է Բաղրամյան 26-ից: Բանն այն է, որ նա մշտապես համարվել է «Ժառանգության» համամասնական ցուցակ նախագահականից գործուղված անձնավորություն. ժամանակին այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում: Եվ ահա Բաղրամյան 26-ում դուր չի եկել այն հանգամանքը, որ Պողոսյանը մասնակցել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների կազմակերպած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին, ավելին, կողմ քվեարկել հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին անվստահություն հայտնելու եւ այդ պաշտոնում ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանին ընտրելու մասին որոշմանը: Թ. Պողոսյանն էլ արդարացել է, թե ինքն այլ ելք չի ունեցել: Այդ քայլից հետո նրան առաջարկվել է ինքնաբացարկ ներկայացնել: Ի դեպ, «Ժառանգության» մեր աղբյուրների պնդմամբ՝ նախնական համաձայնություն է եղել, որ հաշվիչ հանձնաժողովի քարտուղար պետք է ընտրվի Թ. Պողոսյանը, սակայն նա նիստում հրաժարվել է այդ պաշտոնից, որից հետո ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներն ընտրել են ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ մեկնաբանել շրջանառվող լուրերը. «Մի բան հստակ է` Թեւան Պողոսյանի հրաժարականը կուսակցության եւ խմբակցության հետ կապ չունի: Ավելին, կուսակցությունը դրական է գնահատել այս ընթացքում նրա աշխատանքը, եւ այդ մասին ասել ենք նրան»:

Ինչեւէ
Միգուցե հակասական հնչի, բայց «Ժառանգություն»-ում տիրող իրավիճակը ոչ միայն այդ կուսակցության, այլեւ Սերժ Սարգսյանի իշխանության ամոթն է: Գաղտնիք չէ, որ 2013թ. նախագահական ընտրությունների իրական հաղթողը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Մարդ, որ չկարողացավ այս ընթացքում իր կուսակցությունը նորմալ ղեկավարել ու անգամ խորհրդարանում կայուն խմբակցություն ձեւավորել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՍԿՍՈՒՄ ԵՆ

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը որոշել է կրկին շրջանառության մեջ դնել 2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը` համապատասխան փոփոխություններով: Բացի այդ՝ երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստում քննարկվել է մարտիմեկյան բռնությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցման ապահովման հետ կապված օրենսդրական քայլերի մարտավարությունը: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. իշխանությունները՝ ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, համաձայնել էին ընդառաջել ընդդիմության` մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին պայմանով, որ այն քննարկման դրվի նախագահական ընտրություններից հետո` քաղաքական շահարկումներից խուսափելու համար: Բայց վերջին պահին Հովիկ Աբրահամյանն անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվեց իր խոստումներից՝ կողմ քվեարկել այդ փաստաթղթին` այդպես վաստակելով «խոստումը դրժողի» համբավ: Ի դեպ, ՀԱԿ-ը պատրաստվում է նաեւ առաջիկայում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, մանավանդ որ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը:

 

ՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամանորյա տոներից առաջ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս պարգեւատրումը, սակայն, տարօրինակ էր առնվազն այնքանով, որ հենց 2013թ. ընթացքում նույն Տարոն Մարգարյանը մի քանի անգամ բացահայտ անհարմար դրության մեջ էր դրել Սերժ Սարգսյանին, ընդհուպ մինչեւ հրապարակային ստել նրա առաջ: Շատերը կհիշեն նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ս. Սարգսյանի մոտ Տ. Մարգարյանի հավաստիացումները Երեւանում 120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին: Ս. Սարգսյանն էլ, հիմք ընդունելով այդ խոսքերը, ինքն էր մի քանի օր շարունակ կրկնում այդ մասին: Սակայն հետո պարզվեց, որ նման աշխատատեղեր գոյություն չունեն, որ Տ. Մարգարյանը պարզապես ստել է: Այս ամենին գումարվեց նաեւ մայրաքաղաքի տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին քաղաքապետի որոշումը, ինչի պատճառով ավելացան իշխանությունների հանդեպ հասարակական դժգոհությունները, եւ անգամ չքաղաքականացված մարդիկ մեկ շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ էին անում: Ու հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը նման քաղաքապետին պարգեւատրում է ո՛չ ավել, ո՛չ պակաս հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԱՐԺԵ ՄՈՌԱՆԱԼ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճի ընթացքում քննադատել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ խոսելով 1998-2008թթ. տնտեսության մեջ շինարարության փուչիկի մասին: Իսկ տնտեսական քաղաքականության առաջնային պատասխանատուն, ինչպես հայտնի է, կառավարությունն է վարչապետերի գլխավորությամբ: Հազիվ թե Տիգրան Սարգսյանը մոռացած լիներ, որ Քոչարյանի իշխանավարման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրել ու կառավարությունը գլխավորել են երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը: Ասել է թե, քննադատելով 1998-2008թթ. տնտեսական վիճակը, Տ. Սարգսյանը քննադատեց հենց նախկին վարչապետերին: Այս առումով շատ ուշագրավ էր նաեւ ՀՀԿ-ականների պահվածքը. նրանք վաղուց ի վեր իրենց կուռքը դարձած Ա. Մարգարյանին ու Ս. Սարգսյանին պաշտպանելու փոխարեն, ընդհակառակը, սկսեցին պաշտպանել նրանց հասցեին մեղադրանքներ շռայլող Տ. Սարգսյանին: Խոստովանենք` շատ ամոթ է: Փոխարենը այս բանավեճում Ա. Մարգարյանի ու Ս. Սարգսյանի թասիբին կանգնողը եղավ վաղուց ի վեր Պանթեոն չհաճախող Քոչարյանը:

 

ՀԱՆՑԱԿԻ՞Ց ԵՆ

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի՝ նախարարությունն Արարատյան հարթավայրում առկա խորքային հորերի օրինականությունը պարզելու համար օրենքով սահմանված կարգով վերջին մի քանի տարվա ընթացքում ստուգումներ է իրականացնում: «Ստուգումների արդյունքում հայտնաբերված ապօրինի հորերի վերաբերյալ նյութերն այս տարիներին փոխանցվել են իրավապահ մարմիններին, որոնց վերաբերյալ էլ այսօր քննություն է ընթանում: ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու է՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ՝ նրանց փոխանցելով օրինազանցների վերաբերյալ նյութերը»,-NEWS.am-ին ասել է Վարդանյանը: Ստացվում է, որ ՀՀ ԲՆ-ն տարիներ շարունակ ստուգումներ է իրականացրել, հանցածին երեւույթներ հայտնաբերել, սակայն իրավապահներն ընթացք չեն տվել, այլապես 2008-ից մինչ օրս Արարատյան արտեզյան ջրամբարի ջրերն անխնա չէին օգտագործվի, եւ աղբյուրներն էլ չէին ցամաքի: Այսպիսով՝ նախարարի նետած գնդակը ՀՀ գլխավոր դատախազության եւ ոստիկանության դաշտում է:
 

ԱՆԻՄԱՍՏ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Երեկ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մեղադրող կողմի բացակայության պատճառով: Ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հայրը նիստերի դահլիճում աղմուկ է բարձրացրել` հայտարարելով, թե անարդար երկիր է, որտեղ դատավարությունն արդեն մեկ տարի է՝ ընթանում է. սկզբում դատավորը փոխվեց, իսկ հիմա էլ դատախազները չեն ներկայանում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նախքան տեղեկանալը, թե ով է աղմուկ բարձրացնողը, փորձեց հարց ուղղել նրան, սակայն ի պատասխան՝ արժանացավ վիրավորանքների. «Հա՛, ծնող եմ, ի՞նչ է: Գնա՛, ինչ ուզում ես, գրի՛: Ջհանդամիս լրագրող չես…»:




Լրահոս