Ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված արյունալի միջադեպերի և լարվածության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ երեկ իրենց մտահոգությունն են արտահայտել և կրակի դադարեցման կոչերով կողմերին են դիմել գրեթե բոլոր գերտերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նաև Շվեյցարիան և ԵԱՀԿ խմբի միջնորդները: Մինչդեռ այն կառույցը, որի հետ մենք ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:
Դեռևս երկու տարի առաջ, երբ Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի նախօրեին դարձյալ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում Տավուշի սահմանագոտում զոհվեց չորս հայ զինվոր, հայ լրագրողների համառ զանգերի և գրավոր դիմումների արդյունքում ՀԱՊԿ մամուլի խոսնակն, ի վերջո, հարկ համարեց «կեսբերան» դատապարտել կատարվածը: Մինչդեռ հիմա անգամ այդ «կեսբերան» արձագանքն էլ չկա:
Մինչ օրս ՀԱՊԿ-ի հետ կապված քիչ թե շատ հստակ միակ հայտարարությունն անցած աշնանն արել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին` նշելով. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններրն համաձայն»: Այս հայտարարությունը, սակայն, ոչ միայն չերկրորդվեց, այլև քիչ անց սրբագրվեց Մոսկվայի կողմից:
Եվ եթե մինչ այդ բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ թե՛ ՀԱՊԿ, թե՛ հայ պաշտոնյաները փորձում էին արդարացնել ՀԱՊԿ-ին` նշելով, որ այդ կառույցը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության, և ոչ թե ԼՂՀ սահմանները, ապա հիմա արդեն հենց Հայաստանի Հանրապետության սահմաններն են գտնվում թշնամու չդադարող կրակահերթերի տակ:
Կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, թե անհրաժեշտ պահին որքան խախուտ կարող է լինել ՀԱՊԿ-ի անվտանգության հովանոցը: Սակայն գիտակցելով հանդերձ` փորձում են «ձգել» ՀԱՊԿ-ի միֆը. ի վերջո` թեկուզ չաշխատող անվտանգության հովանոցն ավելի լավ է, քան դրա իսպառ բացակայությունը: Ամբողջ հարցն այն է` թե ում համար է խաղարկվում այդ «միֆը», արդյոք միայն ադրբեջանական կողմի, թե նաև Հայաստանի հանրության համար: