Երեկ հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից: Չինարիի գյուղապետի հավաստմամբ` Պետրոսյանը էշով գնացել է անտառ` փայտի, և մոլորվելով` անցել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում: Սա, իհարկե, առավելապես գյուղապետի և չինարեցիների ենթադրությունների տիրույթում ձևավորված վարկած է, իսկ թե իրականում ինչպես է Պետրոսյանը հայտնվել ազերիների ձեռքում` հստակ հայտնի չէ:
Փոխարենը` արդեն հայտնի է, որ ադրբեջանական կողմն օգտագործելու է Կարեն Պետրոսյանին` գլոբալ ապատեղեկատվության տարածման նպատակով: Արդեն երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին առ այն, որ ադրբեջանական զինուժն իբր վնասազերծել է Հայաստանից ներթափանցած դիվերսիոն խմբին, ինչի արդյունքում չորս հայ դիվերսանտներ սպանվել են, իսկ մեկը` Կարեն Պետրոսյանը, գերի է վերցվել: Կասկածից դուրս է, որ ՙհայկական դիվերսիոն խմբի՚ մասին ապատեղեկատվությունն ադրբեջանական քարոզչությունն օգտագործելու է` ամրապնդելու այս օրերին տարբեր մակարդակներով հրամցվող սուտը, թե իբր վերջին շրջանի լարվածությունը հայկական կողմի նախահարձակության արդյունքում է: Իսկ գերեվարված Կարեն Պետրոսյանին էլ ներկայացնելու են որպես կենդանի ապացույց:
Ինչ խոսք, այսօր առաջնային է գերեվարված Պետրոսյանի վերադարձին հասնելն ու այս ընթացքում նրան ադրբեջանական խոշտանգումներից զերծ պահելու ուղղությամբ տարբեր կառույցների կողմից տարվող աշխատանքը: (Թեև, դժբախտաբար, սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար): Սակայն ոչ պակաս կարևոր է նաև այս ցավալի միջադեպի համար պատասխանատվության հարցի քննարկումը: Ի վերջո, մի±թե այս աննախադեպ լարվածության պայմաններում կարելի է լինել այդքան անպատասխանատու և այդպիսի նվեր մատուցել ազերիներին:
Սրանում նախ և առաջ մեղավոր են պետական կառույցները և առաջին հերթին` ԱԱԾ-ն: Փաստն այն է, որ այսօր որևէ աշխատանք չի տարվում սահմանագոտու բնակչության հետ: Մինչդեռ անչափ կարևոր է և հրատապ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ բացատրական աշխատանքների իրականացումը, նաև` որոշակի սահմանափակումների կիրառումը: Այդ թվում ` տեղաշարժի և սահմանամերձ գոտում կատարվող իրադարձությունների շուրջ լրատվամիջոցների հետ շփումների մասով: Այս ամենը, սակայն, ՀՀ պետական ատյաններին կարծես չի հուզում: Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին զբաղված են շատ ավելի կարևոր գործով. նրանք մեկը մյուսի հետևից այցելում են սահման, խրամատներում մի քանի հաջող լուսանկար անում և անմիջապես վերադառնալով Երևան` խրոխտ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան անվախ են մեր սահմանը պահող զինվորներն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները: