«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «ընկճախտի» մեջ է: Բանն այն է, որ հուլիսի 18-ին Ազատության հարապարակում ՕԵԿ-ի հրավիրած համազգային հանրահավաքը Ա. Բաղդասարյանի «սրտով չի եղել»: Մեր տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդն ավելի մեծ սպասումներ է ունեցել, ավելի բազմամարդ հանրահավաք է պատկերացրել, սակայն արդյունքը հակառակն է եղել: Ու հենց դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացված «բոցաշունչ» ելույթն այդպես էլ չի հնչել:
«Ժողովուրդ»ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ համախոհները` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ, մեծ հույսեր են կապել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ: Նրանք կարծել են, որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը բարձրաձայնելով կարող են շատ մեծ զանգված հավաքել իրենց շուրջ: Ինչի համար էլ շատ լուրջ են նախապատրաստվել:
Սակայն Ա. Բաղդասարյանը Ազատության հրապարակի հարթակ բարձրանալով շատ է հիասթափվել, երբ տեսել է, թե որքան սակավամարդ է հանրահավաքը: Դա է եղել պատճառներից մեկը, որ Ա. Բաղդասարյանը շատ «համեստ» ելույթ է ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ առաջնորդը շատ ընկճված է եւ այժմ հույսը կապում է ԱԺ-ի հետ: Ըստ ամենայնի` նա ակնկալում է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանում կկարողանա ավելի մեծ արդյունքի հասնել եւ խորհրդարանական ամբիոնից բոցաշունչ ելույթներով հասարակության ուշադրությունն իր վրա ավելի շատ բեւեռել, քան նման ձախողված հանրահավաքներում, որոնք ավելի շատ իրեն խայտառակում են:
Երեկ «Ժողովուրդ»ը զրուցել է ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ՝ պարզելու, արդյոք Ա. Բաղդասարյանը մեկնե՞լ է արձակուրդի: «Ոչ, պարոն Բաղղդասարյանը Հայաստանում է, աշխատում է, զբաղված է իր կուսակցական աշխատանքներով: Նաեւ մեր երկրի խնդիրներով, որոնք մտագոհում են մեր հասարակությանը: Մենք նաեւ սեպտեմբերին բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանես գալու, նաեւ նախագծերի մշակումների հետ կապված ենք աշխատանքներ տանում: Մի խոսքով, ողջ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում ենք»:
Իսկ դիտարկմանը, թե Ա. Բաղդասարյանը հիասթափվել է ՕԵԿ վերջին հանրահավաքից ու մեկուսացել` մեր զրուցակիցը հակադարձեց. «Նման բան չկա, իսկ ինչ է՝ հանրահավաքը վա՞տ հանրահավաք էր, իսկ ո՞վ է ասել, թե սակավամարդ է եղել, բոլոր նրանք, ովքեր, որ ասում են, թե հանրահավաքը սակավամարդ է եղել կամ լավ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել: Ուզում էին, սակավամարդ լինի, բայց հիասթափություն ապրեցին»:
ՍՈՆԱ ԱԳՐԻԳՈՐՅԱՆ