ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՍԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԵՎ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻ»

Այսօր Պարույր Սեւակը կդառնար 90 տարեկան: Մեծ բանաստեղծի թողած ժառանգության, դրա նորովի արժեւորման շուրջ զրուցեցինք գրականագետ Աբգար Ափինյանի հետ։

-Սեւակը մնայուն է, մեր գրականության մեծագույն դեմքերից մեկը, որովհետեւ, լինելով նորարար, նոր խոսք բերող բանաստեղծ, մեծ արվեստագետ, թարմացրեց հայ գեղարվեստական մտածողությունը։ Ու պատահական չէ, որ նա երիտասարդների սիրելին է ու միշտ կմնա այդպիսին։ Բայց Պարույր Սեւակը միեւնույն ժամանակ մեր դասական գրականության ավանդույթների ամենամեծ շարունակողն է, նորարար ու ավանդապահ. բանաստեղծը հենց այդպիսի մի զարմանալի ներդաշնակություն բերեց մեր գրականություն։ Հեղափոխական բանաստեղծ, որն ուղղակի իմաստով շարունակեց հայ դասական գրականության լավագույն ավանդույթները։ Սա արտակարգ երեւույթ է գրականության պատմության մեջ, իսկապես չտեսնված մեծություն։

-Ոմանք նրան ավելի շատ պոետ են համարում, ոմանք՝ մեծ մտածող, ոմանք էլ` քաղաքացի։ Դո՞ւք ինչ կասեք։

-Առհասարակ, պետք է ուշադիր լսել գրականագետների կարծիքը, որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր խոսքեր կարող են ասել Սեւակի մասին։ Գրականագիտության մեջ արվեստագետի, բանաստեղծի ըմբռնումը չի կարող օտարել մարդու այդ գեղեցիկ հատկանիշը՝ քաղաքացիական պահվածքը։ Պարույր Սեւակը, այո՛, քաղաքացի էր, բայց մենք արդյոք դա չե՞նք պահանջում բոլոր գրողներից։ Այո՛, իմ կարծիքն այն է, որ իսկական բանաստեղծը պետք է լինի նաեւ մեծ քաղաքացի։ Եվ կարծում եմ, որ այդ ավանդույթը մեզանում հիմք դրեց մեր ամենամեծը՝ Հովհաննես Թումանյանը, ով, լինելով մեծագույն հայ բանաստեղծը, նաեւ մեծագույն հայ քաղաքացին էր։ Հասարակական գործունեությամբ պետք է զբաղվի բանաստեղծը, պետք է մերժել «Արվեստը արվեստի համար» անհեթեթ տեսությունները, եւ պետք է մեր երիտասարդ գրողներին կողմնորոշել դեպի, ուղղակի իմաստով, Պարույր Սեւակ՝ մարդ, ում հարազատ էր հայ հոգու ամբողջական աշխարհը։ Նա քաղաքացի էր, մարտնչող մարտիկ, նրա խոսքին սպասում էին, նրա խոսքը բոլորը ցանկանում էին լսել, նրա գրքերը բառի բուն իմաստով թռցնում էին, որովհետեւ նա գրում էր այնպես, ինչպես մտածում էր, ու մտածում էր այնպես, ինչպես խոսում էր։ Այս առումով Պարույր Սեւակն իսկապես հավերժական մեծ պոետ լինելու իրավունքն արդեն նվաճել է։

-Կարծես թե Սեւակի մասին արդեն ամեն ինչ ասված է։ Ըստ Ձեզ՝ կա՞ ինչ-որ բաց, որ հարկավոր է լրացնել։

-Մեծ գրողների համար երբեք չի գա մի ժամանակ, երբ ամեն ինչ ասված լինի։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանով մեր գրականագիտությունն զբաղվել է շատ երկար, շատ ուսումնասիրություններ են կատարվել, բայց Թումանյանի աշխարհն այնքան անակնկալներ ունի դեռ: Որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե Թումանյանի մասին ամեն ինչ ասված է։ Նույնը վերաբերում է նաեւ Պարույր Սեւակին. բազմաթիվ հարցեր կան, որոնք ուսումնասիրված չեն եւ պետք է ուսումնասիրվեն։ Ուսումնասիրության լուրջ առարկա պետք է դառնա բանաստեղծի առեղծվածային վախճանը, որի մասին տարբեր կարծիքներ են հնչել, բայց, իմ կարծիքով, դեռեւս չի ասվել ամենաճշմարտամոտ խոսքը։ Նրա մահվան հանգամանքները շատ խորհրդանշական են եւ կարող են լույս սփռել մի ամբողջ դարաշրջանի վրա։ Սեւակն ուսուցիչ էր ե՛ւ իր կյանքով, ե՛ւ իր գրականությամբ։ Ես ափսոսում եմ, որ մեր կառավարությունը մեր մտավորականների համար հնարավորություն չստեղծեց, որպեսզի մշակութային ակտիվ պրոպագանդայով զբաղվեն. շատ-շատ դռներ փակված են մեր մտավորականության ու գրողների առջեւ։ Եթե անկախության շրջանում այդ հնարավորությունը մեզ տրվեր, հսկայածավալ աշխատանք կարող էինք անել թեկուզ հեռուստատեսությամբ՝ պրոպագանդելով, ներկայացնելով ժողովրդին մեր գրողներին ու Պարույր Սեւակի մեծագույն դերը մեր գրականության մեջ։ Ցավոք սրտի, թշնամիները, ովքեր շրջապատում էին Սեւակին նրա կենդանության օրոք, այսօր էլ շարունակում են չկամությամբ նայել նրա պոեզիային, շատ-շատ կարծիքներ են հնչում, որ Սեւակն ավելի շատ մտածող է, բայց բանաստեղծ չէ, խոսում են թերահավատությամբ, նրա պոեզիան չգնահատելու ակնհայտ միտումով են վերաբերվում ու փնտրում նրա գրականության մեջ թույլ էջեր։ Ես դա բացատրում եմ այն հանգամանքով, որ Պարույր Սեւակը ժամանակին, երբ ողջ էր ու արքա էր մեր բանաստեղծության մեջ, պարզապես պոեզիայի դռները փակեց մի ամբողջ սերնդի առջեւ։ Այդ սերունդն այսօր էլ կա եւ, հին վրեժխնդրությամբ լցված, սպասում է, թե երբ պիտի գա իր ժամանակը։ Իմ կարծիքով՝ այդ ժամանակը երբեք չի գալու, ժամանակը Պարույր Սեւակինն է, Համո Սահյանինը, Հովհաննես Թումանյանինը։ Բայց երբեք չի գա նրանց ժամանակը, ովքեր Եվրոպայից, ավելի ճիշտ՝ եվրոպական աղբարկղերից թռցրած կեղտոտ թղթիկներն ուզում են Հայաստանում ծախել իբրեւ ժամանակակից, մոդեռն պոեզիա…

 

 

 

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիոյի ոլորտի հայտնի ներկայացուցիչներից ոմանք միացել են «Դեմ եմ» շարժմանը, նաեւ մասնակցել հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ընդդեմ կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման» հանրահավաքին: Նրանց թվում են՝ օպերային երգիչ Արման Նշանյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, «Միսս Հայաստան-1998» Անգելինա Բաբաջանյանը, «Միսս Հայաստան-2003» Լուսինե Թովմասյանը, հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը եւ ուրիշներ:
Նրանցից ոմանք, ինչպես, օրինակ, Լուսինե Բադալյանը, միշտ էլ ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական տարբեր շարժումների, նաեւ ֆեյսբուքյան էջերում ներկայացնում իրենց կարծիքը: Սակայն այս դեպքում նախաձեռնությանը միացողների թվում են այնպիսի հայտնիներ, որոնք մինչ այս առանձնապես աչքի չեն ընկել քաղաքացիական ակտիվությամբ: Արդեն ներկայացրել ենք գեղեցկուհի Անգելինա Բաբաջանյանի տեսակետը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա մասնավորապես նշել էր, որ իր ու շատերի համբերության բաժակը լցվել է հատկապես վերջին՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո։ Իսկ ահա «Դեմ եմ»-ին միացած մեկ այլ գեղեցկուհու` «Միսս Հայաստան-2003» Լուսինե Թովմասյանի տեսակետը պարզելն ավելի դժվար եղավ: Նա մեր բոլոր հարցերին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Իմ լուսանկարն արդեն ամեն ինչի մասին ասում է»։
Ի դեպ, Լ. Թովմասյանին գտնելու նպատակով, հետեւելով նրա կենսագրականում առկա նշմանը, թե նա աշխատում է «ՆյուՄագ» ամսագրում, զանգահարեցինք այդ ամսագրի խմբագրություն, սակայն այնտեղից ասացին, որ Լուսինեն ամսագրի հետ այլեւս որեւէ կապ չունի: Բայց քանի որ գեղեցկուհին, մեր բոլոր հարցերին ի պատասխան, սահմանափակվեց վերը նշված մեկ նախադասությամբ, մեզ չհաջողվեց պարզել, թե որն է «Նյու Մագ»-ից նրա հեռանալու պատճառը:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հայտնի բրիտանացի երաժիշտ, հեղինակ եւ կատարող Էլթոն Ջոնը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս տված հարցազրույցին, որում ՌԴ նախագահը բրիտանացի երգչին անվանել է տաղանդավոր մարդ եւ երաժիշտ, ում, անկախ «իր կողմնորոշումից», Ռուսաստանում անկեղծ սիրում են միլիոնավոր մարդիկ: Երաժիշտը նշել է, որ Ռուսաստանում ընդունված օրենքը, որն արգելում է միասեռականության քարոզչությունը, «նպաստում է տգիտությանը» եւ շատ վտանգավոր է ռուս միասեռականների համար: Էլթոն Ջոնի խոսքով՝ օրենքն ազդել է իր ծանոթ ռուս միասեռականների վրա, որոնք ենթարկվում են սպառնալիքների, վիրավորանքների եւ ծեծի: «Մարդիկ, որոնց հետ ես հանդիպել եմ Մոսկվայում, միասեռականներ են. նրանք պատմել են ինձ հարձակումների մասին»,-ասել է երգիչը: Որեւէ կերպ իրավիճակը մեղմելու համար երգիչն առաջարկել է Պուտինին ծանոթացնել ռուս միասեռականների հետ, որպեսզի նախագահն անձամբ լսի այն մարդկանց, որոնք «արժանի են լինել լսված, արժանի են հարգանքի եւ ջերմ վերաբերմունքի իրենց երկրում»:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ,ծՏՉՈÿ չՈջպՑՈե պարբերականին ասել է, թե Պուտինի կողմից Էլթոն Ջոնի հետ հանդիպման նախաձեռնության սպասել պետք չէ:

ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային պեյզաժ Ղրիմում» գողացված կտավն օրերս վերադարձվել է Ղրղզստանի կերպարվեստի ազգային թանգարան: Ուշագրավ է, որ գողերն իրենք են կտավը հետ բերել: Այն գողացվել էր 2013թ. դեկտեմբերին: Կտավը, որը ծովանկարիչը վրձնել է 1866թ., արժե մոտ 40 հազար դոլար:

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ

Գողացել են երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի 40 հազար եվրո արժողությամբ «Infiniti» մակնիշի մեքենան: Երգչի վարորդը պատմել է, որ երեկոյան նա մեքենան կայանել է իր տան մոտ, իսկ առավոտյան այն արդեն տեղում չի եղել: Հիշեցնենք, որ Վլ. Պրեսնյակովն առաջին անգամ չէ, որ կողոպուտի զոհ է դառնում: 2011թ. ամանորյա արձակուրդներին հանցագործները մտել էին «Ոսկե բանալի» բնակելի համալիրում գտնվող երգչի եւ նրա կնոջ` Նատալյա Պոդոլսկայայի բնակարան: Գողերին հաջողվել էր տանել 500.000 եվրո ընդհանուր արժողությամբ դիզայներական իրեր եւ թանկարժեք ժամացույցներ:




Լրահոս