Սպանել է ընկերոջն, ապա փորձել սպանել մարմնավաճառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թ. փետրվարի 1-ին Երևանի քաղաքացի 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանն անհայտ կորել էր:

Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը:

Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում էր նախկինում դատված Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, դեպքից մեկ տարի առաջ` մայիսի 8-ին, կատարել էր նաև սպանության փորձ:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքի օրը Կ. Բունիաթյանը, գտնվելով Մկրտիչ Հովհաննիսյանի հետ, վիճաբանություն է ունեցել և իր մոտ եղած դանակով 26 անգամ հարվածել է Մ. Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին:

Դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ դանակահարության հետևանքով վնասվել է Հովհաննիսյանի իրանի, ձախ բազկի շրջանները՝ պատճառելով իրանի, ձախ բազկի շրջանների բազմաթիվ համակցված, թափանցող և կույր մկանների, սրտապարկի, սրտի, աջ և ձախ թոքերի, ստոծանու, ենթաստամոքսային գեղձի, կողերի, 4-րդ կրծքային ողի ձախ լայնաձիգ ելունի վնասումներ, ծակած-կտրած վերքեր:

Սրա հետևանքով Մկրտիչ Հովհաննիսյանը մահացել է:

Այնուհետև նշված մեքենայով Կամո Բունիաթյանը դիակը տեղափոխել է Երևան քաղաքի «Շահումյան 2» գերեզմանատուն և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Վաղինակ Մկրտչյանին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Բունիթյանն ու Հովհաննիսյանը մարմնավաճառ Հռիփսիմե Տեր-Հարությունյանի հետ նույն օրը գնացել են Ջրվեժ գյուղ, որտեղ, ըստ նախնական պայմանավորվածության, Մկրտիչ Հովհաննիսյանը պետք է սեռական հարաբերություն ունենար Հռիփսիմե Տեր-Հարությունյանի հետ:

Այնտեղ նրանք սկսել են ալկոհոլ օգտագործել, ապա Մ. Հովհաննիսյանը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ Հ. Տեր-Հարությունյանի հետ, սակայն Կ. Բունիաթյանը նրանից պահանջել է սեռական հարաբերության դիմաց նախօրոք պայմանավորված 5000 ՀՀ դրամը:

Ապա մեքենայի մեջ Կ. Բունիաթյանը նորից գումար է ուզել Մ. Հովհաննիսյանից, ինչը վիճաբանության առիթ է դարձել: Բունիթյանն էլ դանակահարել է Հովհաննիսյանին և սպանել:

Դատաքննությանը Բունիաթյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իր ցուցմունքում ասել է, թե Մկրտիչ Հովհաննիսյանին չի ճանաչել, իսկ Հ. Տեր-Հարությունյանին հոգեկան հիվանդ է անվանել:

Հունիսի 8-ին Կամո Բունիաթյանը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով և դատապարտվել ազատազրկման 15 տարի ժամկետով:

Ի դեպ, վերոնշյալ սպանությունից հետո` մարտի 23-ի լույս 24-ի գիշերը հանդիպել է մարմնավաճառ Հռիփսիմե Տեր-Հարությունյանին, որին նախկինում մի քանի անգամ դիտողություն է արել իրենց շենքի մոտ կանգնելու և մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Հռիփսիմեի կողմից իր պահանջները չկատարելը և նորից իրենց շենքի մոտ կանգնելը ցավագին ընդունելով, որոշել է պատժել նրան: Եվ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու պատրվակով իր վերոնշյալ ավտոմեքենայով տեղափոխվել են Էջմիածնի Մարգարա խճուղու նախկին ավտոտեխսպասարկման կայանի հարակից դաշտ: Այնտեղ նախ ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել Հ. Տեր-Հարությունյանի հետ, ապա, դուրս հանելով ավտոմեքենայից, սկսել են վիճաբանել:

Այդ ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Հռիփսիմեի աջ այտային, աջ զստափոսային, կրծքավանդակի աջ կեսի շրջաններին, որտեղ կոտրվել է դանակը և շեղբը մնացել է մարմնի մեջ:

Այնուհետև քարերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հ. Տեր-Հարությունյանի գլխի և մարմնի տարբեր մասերին` առաջացնելով տարբեր կոտրվածքներ և վնասվածքներ: Իր հասցրած մահացու բազմաթիվ վնասվածքների առկայության պայմաններում արնահոսության և արնաթաթախ վիճակում գտնվող Հ. Տեր-Հարությունյանին թողնելով դաշտում և նախատեսելով ու ցանկանալով նրա մահը, հեռացել է:

Սակայն Հռիփսիմեին սպանել Բունիաթյանին չի հաջողվել, քանի որ Հ. Տեր-Հարությունյանը ուշքի է եկել և որոշ ժամանակ անց մոտեցել է մոտակա բնակավայր և օգնություն խնդրել նախկին ՇՄՇ շենքի բնակիչ Ռուբեն Դադիկոյի Եփրեմյանից:

Այս անգամ, սակայն, Կամո Բունիաթյանը խոստովանել է, որ արել է նման բան, հայտնել է դատարանին, որ զղջացել է կատարվածի համար և վստահեցրել, որ Հռիփսիմեին սպանել չի ցանկացել:

Բունիաթյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանության փորձ, և հոդվածի սանկցիայով նրան դատապարտել է ազատազրկման 8 տարի ժամկետով։

Կամո Բունիաթյանն իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշե» ՔԿ հիմնարկում:

Տաթև Հարությունյան




Լրահոս