Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ կրկին անդրադարձել է անբարեխիղճ վարձակալների եւ սեփականատերերի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությանը` հանձնարարելով դիմել առավել խիստ միջոցների` ընդհուպ վարձակալական պայմանագրերի խզման, իսկ սեփականատերերի դեպքում էլ` դատական կարգով սեփականության իրավունքի վիճարկման:
Անկեղծ ասած` քաղաքապետի հանձնարարականը միանգամայն տեղին է, քանզի յուրաքանչյուր երեւանցու էլ մեծ տհաճություն են պատճառում անբարեկարգ տարածքներն ու խունացած պաստառների հետեւում տարիներ շարունակ չավարտվող կիսակառույցները: Խնդիրն այն է, սակայն, որ այս հարցն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է Տ. Մարգարյանի կողմից: Իսկ երկուսուկես տարի առաջ նրա հանձնարարությամբ Երեւանի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անբարեխիղճ սեփականատերերին անգամ ուլտիմատում ներկայացրեց` նշելով հստակ վերջնաժամկետ, որի ընթացքում վերջիններս պարտավոր էին ավարտին հասցնել իրենց անավարտ շինությունները: Այս պահանջը հետագայում երկրորդվեց նաեւ անձամբ Տ. Մարգարյանի կողմից: Սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, բացի մի քանի խեղճուկրակ ՙբուդկաների՚ տերերից` Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի ուլտիմատումները որեւէ մեծ կառուցապատող լուրջ չընդունեց: Եվ ինչպես պարզվեց` միանգամայն տեղին, քանզի Տ. Մարգարյանն այդպես էլ համարձակություն չունեցավ իրականացնելու խոստացված խիստ միջոցառումները:
Եվ արդյունքում` այսօր եւս` ինչպես տարիներ շարունակ, Սասունցի Դավթի հրաշալի արձանի երկու կողմերում էլ երեւանցիներն ականատես են լինում այլանդակ կիսաավարտ կոնստրուկցիաների կույտի: Քաղաքային իշխանություններն այդպես էլ չեն կարողանում լուծում գտնել «Սասունցի Դավիթ» հյուրանոցի կիսակառույց շենքը կա՛մ ապամոնտաժելու, կա՛մ էլ ավարտին հասցնելու հարցում: Անցած առնվազն հինգ քաղաքապետերը նույնկերպ չկարողացան հայազգի գործարար Վաչե Մանուկյանին բացատրել, որ ափսոս է Ամիրյան փողոցի վրա գտնվող նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի հրաշալի շենքը, որը վերջինս գնել, կողպել եւ հեռացել է` իսպառ մոռանալով դրա մասին: Շարունակելով ցուցակը` նշենք, որ եթե Արդարադատության նախարարության նախկին շենքը չհրդեհվեր եւ դրա տեղում կառավարական նոր մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն չառաջանար, ապա մինչ օրս էլ հարեւանությամբ գտնվող «Սեւան» հյուրանոցի փլատակները կշարունակեին սղոցել երեւանցիների աչքերն ու նյարդերը: Ճիշտ այնպես, ինչպես որ երեւանցիներին նյարդայնացնում է քանդված Երիտասարդական պալատի բլրի դատարկությունը…
Այս ցուցակն, իհարկե, կարելի է երկար շարունակել: Սակայն փորձենք եւս մեկ անգամ հավատալ Տ. Մարգարյանի անկեղծությանը եւ չմտածենք, որ անբարեխիղճներին ուղղված երեկվա զգուշացումն ընդամենը «մուծվելու» նոր հրահանգ էր: Առայժմ: