Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ի ղեկավարությունից պարզաբանումներ պահանջելու հարցում մնացել են լրագրողների հույսին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանային վերջին միջադեպերի կապակցությամբ ՀԱՊԿ դիրքորոշմանը, կամ ավելի ճիշտ` դրա բացակայությանը:

Հարցին, թե  ինչու ՀԱՊԿ-ն այդպես էլ չարձագանքեց, Սերժ Սարգսյանը տվել է խիստ ուշագրավ պատասխան. «Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները  մշտապես պայմանավորված են  լինում դիմող երկրի գործողություններո»,- նշել է նա` անմիջապես, սակայն, հավելելով. «Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել, և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը  մոտ ժամանակներս  պիտի այցելի  Հայաստան: Սա արդեն  վերաբերմունք է: Եվ երկրորդ` դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու»:

Թե ինչ տեխնիկական խնդիրներ նկատի ունի Սարգսյանը,  հասկանալի չէ: Ինչպես և առնվազն տարակուսելի է նրա այն պնդումը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա այցելությունը Հայաստան  արդեն իսկ վերաբերմունք է:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Նիկոլայ Բորդյուժան նախանձելի պարբերականությամբ էր  այդպիսի «վերաբերմունք» դրսևորում` առավելապես պայմանավորված այն հանգամանքով,  թե ինչպիսի  ճոխությամբ  հյուրասիրություն էր կազմակերպում ԱԱԽՔ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուստի`  առաջիկա այցը սահմանային միջադեպերի հետ կապելը ինքնախաբեության պես մի բան է, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցելով` խորհուրդ է տալիս լրագրողին` դիմել Բորդյուժային և պարզել ՀԱՊԿ-ի լռության պատճառը:

Այսինքն` չցանկանալով կամ անիմաստ համարելով ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի բարձրացումը` Սերժ Սարգսյանն այդ պարտականությունը դնում է լրատվամիջոցների ուսերին: Սա ինքնին բավականին խոսուն  կերպով ցույց է տալիս ՀԱՊԿ-ի  հետ կապվող հույսերի անլրջության աստիճանը:

Շարունակելով թեման` Ս. Սարգսյանն այդուհանդերձ փորձում է փրկել դեմքը` ընդգծելով. «Իրոք, ես համոզված եմ, դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը  մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին (կրակոցները ), ապա կարծում եմ, որ նա սխալվում է»:

Սա արդեն իրավիճակի ընկալման միտումնավոր խեղաթյուրում է, քանզի հենց նույն Սերժ Սարգսյանի համար էլ ակնհայտ է, որ գոնե այս փուլում հայտարարության տեսքով ՀԱՊԿ-ի միջամտությունն անհրաժեշտ էր ոչ թե  ադրբեջանցիների սադրանքներին վերջ դնելու, այլ Հայաստանի անվտանգության երաշխիքների ամրությունն ի ցույց դնելու  և հենց դրանով Ադրբեջանի վրա ազդեցություն գործելու համար:  Սակայն, թերևս, դժվար է ի ցույց դնել մի բան, որը գոյություն չունի: Սա արդեն ակնհայտ է բոլորի, եվ առաջին հերթին` լրագրողների միջոցով ՀԱՊԿ-ից պատասխան  պահանջող Ս. Սարգսյանի համար:




Լրահոս