Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Դատարանը հայտարարեց, որ պետք է ցուցմունք տա Վազգեն Խաչիկյանը, ով նշեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց և դեմ չէ իր նախաքննական ցուցմունքների ընթերցմանը:
Ինչ վերաբերում է նրան, իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ դա կասի հետագայում:
Մեղադրողը դժվարացավ ընթերցել Վ. Խաչիկյանի ցուցմունքը անընթեռնելի լինելու պատճառով, իսկ նախագահողը նկատեց, որ առանձնապես ցուցմունք չի էլ տրվել: Դատախազը հստակեցրեց հրապարակման համար նախատեսված հատվածը, որում մասնավորապես նշվում էր, թե ինչպես են կենսաթոշակառուները ստանում իրենց հասանելիք գումարը, իրավասու որ մարմինների միջոցով և այլն:
Այսքանով Վ. Խաչիկյանի ցուցմունքն ավարտվեց. նա հրաժարվեց նաև հարցերին պատասխանել:
Ներկայացվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը, որը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Դատախազը «Դ» մակնիշի համակարգիչը իրեղեն ապացույց ներկայացնելու միջնորդություն ներկայացրեց:
Իսկ պաշտպան Աննա Ջուվանովան միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալներն այսօր ցուցմունք տան:
Ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը ցուցմունք տվեց, որ ամբաստանյալ Վիգեն Գևորգյանին երբեք չի ճանաչել, իսկ ցուցմունք տալիս գրել է այն, ինչ իրեն խնդրել է իր բաջանաղը`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի նախկին պետ Վահագն Խաչատրյանը` մտածելով, որ կօգնի նրան, սակայն արդյունքում երկուսն էլ հայտնվել են կալանավայրում:
«Չեմ հասկանում` երկու տարի ինչի համար եմ բերդում նստած: Ես ոչ կենսաթոշակառուի եմ ճանաչում, ոչ էլ ինչ-որ մեկին: Ես չեմ իմացել՝ ինչ գումար է եղել, ինչի համար է եղել: Նախաքննական իմ ցուցմունքում գրված է, թե մի քանի անգամ եմ գնացել, բայց եթե մի քանի անգամ գնացած լինեի, Վիգենին կճանաչեի: Նախաքննական ցուցմունքում ոնց թելադրվել է, այնպես էլ գրել եմ»,- ասաց ամբաստանյալը:
Իսկ ամբաստանյալ Արմեն Խաչատրյանը ցուցմունքում նշեց, որ իր նախաքննական ցուցմունքը տվել է հոգեբանական ճնշման ազդեցության տակ և երբեք չէր կարող հանցավոր խմբի անդամ դառնալ:
Ամբաստանյալ Վիգեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց քննության առնել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը դատաքննական ցուցմունքում նշել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել այն ժամանակաշրջանի մասով, երբ ինքը հանրապետությունում չի եղել: Ուստի պաշտպանը միջնորդեց ՔԿՀ պետի թույլտվությամբ դատարանին ներկայացնել Գևորգյանի անձնագիրը և ստուգել այդ հանգամանքը:
Տեսանյութը` քիչ ուշ: