ԲՈՒՆՏ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին Նոյեմբերյան քաղաքում հայտարարություններ էին փակցվել, որոնցում վրացական համարանիշներով վարորդների տերերին կոչ էր արվում՝ մասնակցել փետրվարի 8-ին քաղաքի Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիային:Նոյեմբերյանի տարածաշրջանում շատ են վրացական համարանիշներով մարդատար ավտոմեքենաները, քանի որ տարածաշրջանը սահմանակից է հարեւան երկրին: Անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանի կողմից Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո վրացական համարանիշներով մեքենաների տերերը հայտնվել են դժվարին կացության մեջ: Նրանք կա՛մ պետք է փող հայթայթեն մեքենաները մաքսազերծելու համար, կա՛մ «ջրի գնով» վաճառեն Վրաստանում, կա՛մ էլ թողնեն Վրաստանում, գան Հայաստան:Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Լորիկ Բուդաղյանը դժգոհելով ասում է, որ իր «Վոլկսվագեն պասսատ» մեքենայի մաքսազերծման համար Վրաստանում 700 դոլար է վճարել, իսկ Հայաստանում պահանջում են 2500 դոլար: Նոյեմբերյանի Ազատության հրապարակում հավաքվածները բողոքում էին մաքսազերծման բարձր գնից, նաեւ այն բանից, որ անցած տարիներին ամեն ամիս հարկադրված են եղել հատել վրացական սահմանը եւ այդպես հարյուր հազար դրամներ են վատնել: Փետրվարի 8-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, որը գտնվում է Նոյեմբերյանի կենտրոնում` Քաղաքապետարանի եւ ոստիկանության շենքի հարեւանությամբ,  հավաքվել էին մոտ 100 ցուցարարներ, իսկ հրապարակի մուտքի մոտ կայանել էին վրացական համարանիշներով իրենց մեքենաները: Ժամը 11.55-ին նրանց մոտեցավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ զրույցի բռնվեց նրանց հետ: Քաղաքապետը խոստացավ ցուցարարների պահանջը փոխանցել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, այս ընտրատարածքից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանին եւ  առաջատար կուսակցությունների Նոյեմբերյանի տարածաշրջանի մասնաճյուղերի ղեկավարներին: Քաղաքապետն առանձնացավ, հեռախոսազրույցի բռնվեց ինչ-որ պաշտոնատարների հետ, որից հետո հայտարարվեց, որ երկու օր անց` փետրվարի 10-ի կեսօրին, տեղի կունենա վրացական համարանիշներով մեքենաների տերերի հանդիպումը մարզպետի, ընտրատարածքի պատգամավորի եւ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ  Հովիկ Աբովյանի հետ: Նշենք, որ երբեմն ցուցարարների կողմից հնչում էին Բագրատաշենի մաքսատան ճանապարհը փակելու կոչեր: Սակայն ցույցը խաղաղ  էր ընթանում: Ոստիկաններն էլ հետեւում ու չէին միջամտում:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Տավուշ




Լրահոս