Պանրի շուկան՝ բարձիթողի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պանրի շուկան մշտապես եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում: Պանիր արտադրող այս կամ այն ընկերությանը տուգանելու մասին տեղեկություններն անպակաս են: Պանրի շուկայում հիմնական խնդիրը սանիտարահիգիենիկ պայմանների խախտումն է:

Ամենաթարմ օրինակը թերևս գյուղատնտեսության նախարարության օգոստոսի 14-ի որոշումն է, ըստ որի արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր եւ մածուն արտադրատեսակների արտադրությունը: Իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում և հանձնարարվել է համապատասխան ժամկետներում վերացնել այն:

Նշված տնտեսվարողը մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել նաև 2012թ.-ին, երբ ուսումնասիրություններ են կատարվել պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ: Ստուգումների արդյունքում բոլոր արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ճանաչվել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով:
Այդ շրջանում դադարեցվել էր հետևյալ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը՝ Ա/Ձ Կամո Վահանյան, «Անի Մերի» ՍՊԸ, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Սուսան Ղազարյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, Ա/Ձ Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ՍՊԸ, «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ՍՊԸ, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ՍՊԸ, Ա/Ձ Թունյան Սամվել, Ա/Ձ Բալոյան Սամվել:

Վերջերս՝ 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:

«ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

Պանրի շուկայում տիրող հակահիգիենիկ վիճակի մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն այդ շուկայում խախտումները գնալով ավելանում են:




Լրահոս