Ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելը՝ մականունը Կոկո Շանել, ծնվել է 1883թ. օգոստոսին 19-ին:
18 տարեկանից աշխատել է հագուստի խանութում որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել է կաբարեում։ Նրա սիրելի երգերն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco», այստեղից էլ Կոկո մականունը: 1910 թվականին նա բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր։
Արդեն 1912 թվականին Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց Առաջին համաշխարհային պատերազմն ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին, նա բացում է նորաձևության տուն նաև Փարիզի «Կամբոն» փողոցում։
1921 թվականին հայտնվել է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը մեկ ծաղկի հոտ ուներ։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։
Նրա շնորհիվ տարածում գտավ նաև փոքրիկ սև զգեստը, որը կարելի էր հագնել թե՛ օրվա ընթացքում, թե՛ երեկոյան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։
Արդեն 1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» հավաքածուն: Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նրա հագուստներն են կրել այնպիսի համաշխարհային աստղեր, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։
Նա մահացել է 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։ Հետաքրքիր է, որ Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։
Մտքեր Կոկո Շանելից
Ես հագուստ եմ ստեղծել ամբողջ աշխարհի կանանց համար, իսկ հիմա նրանք ձգտում են մերկ ման գալ:
Ամեն անգամ, երբ ես բանականորեն եմ գործում, ամեն ինչ անհաջողությամբ է ավարտվում:
– Ե՞րբ օծանելիք օգտագործեմ, – հարցնում է մի երիտասարդ կին:
– Երբ ուզում ես, որ քեզ համբուրեն,- պատասխանում է Կոկո Շանելը:
Մարդիկ չեն կարողանում ապրել: Նրանց դա չեն սովորեցնում:
Եթե իմ տարիքում սիրեկան է հայտնվում՝ ինձնից 15 տարով երիտասարդ, ես չեմ հարցնում, թե նա որ ազգության է պատկանում:
Գործելու և ստեղծելու համար, առաջին հերթին, պետք է ընկեր ունենալ, ում վրա կարելի է հենվել:
Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի, անկրկնելի նորաձև աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ գալուստը և շարունակում է նրա մասին հիշեցնել՝ գնալուց հետո:
Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում:
Գեղեցկությունը մեզ պետք է նրա համար, որ մեզ սիրեն տղամարդիկ, իսկ հիմարությունը, որ մենք սիրենք տղամարդկանց: