«Դեմ եմ»-ը, փաստորեն, այսօր արդեն գրեթե «Կողմ է». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն անցած տարեվերջից սկսած` անզիջում պայքար էր մղում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, շատերի մեջ հույս էր արթնացրել, թե մեր երկրում հնարավոր է հստակ փոփոխությունների հասնել քաղաքացիների անկոտրում կամքի և կազմակերպված պայքարի արդյունքում: Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում մեր երկրում, յուրաքանչյուր լավ նախաձեռնություն կարճ ժամանակ անց տարբեր օբյեկտիվ, իսկ ավելի շատ` սուբյեկտիվ պատճառներով, մարում է և, ի վերջո, վերածվում շարքային ձևականության:

Թե ինչու և ինչպես սկսեց մարել «Դեմ եմ»-ը` թերևս դժվար չէ պատկերացնել: Ժամանակին նախկին վարչապետի հետ երկխոսությունից հրաժարվող նախաձեռնության անդամները` ձախողվելով իրենց հռչակած հիմնանպատակին հասնելու հարցում, հիմա պատրաստ են տարբեր նամակներով դիմել ներկայիս վարչապետին` տխրահռչակ «Կուտակային կենսաթոշակների մասին օրենք»-ում նոր փոփոխություններ անելու խնդրանքով, սակայն այլևս ոչ թե «պարտադիր» բաղադրիչն իսպառ հանելու, այլև երիտասարդ դասախոսներին և բուհերի այլ աշխատողներին օգնելու նպատակով:

«Օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի վարձու աշխատողների համար: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում, քանի որ բուհում աշխատելու պատճառով նրանցից կպահվի ոչ միայն համալսարաններից ստացվող աշխատավարձից, այլև մասնավոր հատվածից ստացվող աշխատավարձից սոցիալական վճար»,- նշված է նախաձեռնության` նախօրեին տարածած հաղորդագրությունում:

Ինչ խոսք, սա ևս շատ կարևոր հարց է, սակայն այն վերաբերում է քաղաքացիների անհամեմատ ավելի փոքր խմբի շահերին, քան պարտադիր բաղադրիչի վերացմանը: Հետևաբար` ստացվում է, որ «Դեմ եմ»-ը համակերպվել է իր կրած պարտության հետ, և օրենքի փոփոխված տարբերակի ընդունումից հետո որևէ զանգվածային ակցիայի չդիմելով` արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի:

Իհարկե երիտասարդներին ճանապարհի կեսից հետ դառնալու և պայքարը կիսատ թողնելու մեջ մեղադրելն ամենահեշտ բանն է. նրանք, թերևս, պայքարեցին այնքան, որքան կարողացան: Սակայն մյուս կողմից էլ` նրանք ստանձնել էին այս պայքարը մինչև վերջ տանելու պարտավորություն և նրանց հավատացած բազմաթիվ քաղաքացիներ այս ամենի արդյունքում խնդիրներ ունեցան իրենց գործատուների հետ, իսկ ոմանք անգամ կորցրեցին իրենց աշխատանքը:

 




Լրահոս