Թեեւ Հայաստանում օպերատիվ արձագանքման տարբեր գերատեսչություններ սիրում են տեղի-անտեղի պարծենալ, թե իրենք տարածաշրջանում ամենակազմակերպվածն են, ամենա արագ արձագանքողը եւ այլն, փաստը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների դեպքում նրանք պարզապես կաթվածահար են լինում: Եվ եթե դա այդպես է առաջին օգնության ծառայությունների դեպքում, ապա կոմունալ ծառայությունների` ջրմուղի կամ էլեկտրական ցանցերի դեպքում առհասարակ իրավիճակը տխուր է: Առանց այդ էլ թերի ծառայություններ մատուցող այս կառույցները բառիս բուն իմաստով անհասանելի են դառնում, երբ խնդիրներ են ծագում ոչ աշխատանքային օրերին կամ գիշերային ժամերին:
Դրա լավագույն օրինակը 2 օր առաջ երեկոյան Երեւանի կենտրոնական` Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցների տեւական ժամանակով անսպասելի հոսանքազրկումն էր: Երեք ժամից ավել Երեւանի կենտրոնական փողոցները թաղված էին խավարի մեջ, իսկ երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Սակայն բնակիչների համառ զանգերը էլցանցեր այդպես էլ մնում էին անպատասխան: Համենայն դեպս` երեկ երեկոյան ՙԺողովուրդը՚ բազմաթիվ ահազանգեր ստացավ այդ հատվածի բնակիչներից եւ անցորդներից:
Իսկ այդ փողոցներում տեղակայված խանութների եւ սպասարկման օբյեկտների սեփականատերերն էլ հուսահատ կերպով փորձում էին մեր միջոցով պարզել, թե ի վերջո, երբ է վերականգնվելու էլէներգիայի մատակարարումը, քանզի նրանց խոսքով` ամռան այս շոգ եղանակին սուպերմարկետների չաշխատող սառնարաններում սննդամթերքը փչանում էր:
Իհարկե` չնախատեսված վթարները որեւէ կերպ հնարավոր չէ բացառել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նման դեպքերում համապատասխան ծառայության աշխատակիցները գոնե պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով` այդ թվում եւ լրատվամիջոցներով, բնակչությանն իրազեկել հոսանքազրկման հստակ պատճառի մասին եւ ամենակարեւորը` նշել, թե որքան ժամանակ անց կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Էլ չասած, որ նույն էլցանցը, որտեղ տեղի է ունեցել վթարը, պարտավոր է փոխհատուցել իր սպասարկման տիրույթում գտնվող բնակիչների եւ ձեռներեցների կրած վնասների համար: Թեպետ` մեր իրականությունում անգամ բնական աղետների դեպքում փոխհատուցումների մասին խոսակցությունները համարվում են ավելորդ ճոխություն: