ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Անկախության հռչակագրի 24-ամյակին: Հայտարարության մեջ ասվում է.
«Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի: 24 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ցույց տվեց ազատության իր տենչը, որն իր հերոսական պատմության հնոցում թրծված ու պապենական գեներով փոխանցված կամքն էր, էությունը, ԵՍ-ը, որով կերտվեց մեր նորօրյա հայրենիքը, և որպես դրա պատգամ հնչեց մեր անկախության հռչակագիրը:
Այն սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը, նախանշեց մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական հարաբերությունների կազմավորման ուղին: Թող իրականանան մեր անկախության հռչակման նպատակները՝ դառնալով մեր յուրաքանչյուր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության իդեալը, և թող սա լինի հայոց պատմության մեջ անկախության նվաճման վերջին անհրաժեշտությունը…»: