«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալին շտապ օգնություն պահանջվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր հայտնի «ֆինանսական բուրգի» գործով քննությունը:

Այս անգամ նույնպես ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար դատարան կանչվեց շտապ օգնություն: Նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 8-ին: Armlur.am-ի հետ զրույցում Ա. Անդրեասյանի մայրը` Փառանձեմ Անդրեասյանը, վրդովված ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռ. Ստեփանյանը փաստաբան Մ. Սարգսյանին գրություն է ուղարկել, համաձայն որի՝ Արթուր Անդրեասյանի կիստաները նախորդ հետազոտության համեմատ մեծացած են, և նրա մոտ նկատվում է բացասական դինամիկա: Անդրեասյանն ունի նաև գլխուղեղի, շնչառության, ողնաշարի հետ կապված խնդիրներ, և այսօրվա նիստին պաշտպանը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել ևս մեկ փորձաքննություն անկացնել:

Ամբաստանյալի մայրը տեղեկացրեց նաև, որ իրենք նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով միջամտել և վերացնել Արդարադատության նախարարության կողմից կատարված խախտումները:

Նշենք, որ վերջին փորձագիտական եզրակացության համաձայն, Անդրեասյանի մոտ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը չի փոխվել:

Հիշեցնենք, որ Անդրեասյանը մեղադրվում է ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների գումարները տարադրամի փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու և հափշտակելու մեջ:




Լրահոս