ԵՏՄ-ին անդամակցելը տնտեսապես անհեռանկարային է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների` ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ տնտեսությունում նշանակալիորեն կարող են ավելանալ մասնավոր ներդրումները` արտահայտելով անդամ երկրների հետ համատեղ իրականացվելիք մի շարք ներդրումային նախագծեր: Թե կոնկրետ ինչի վրա է հիմնված ԿԲ լավատեսությունը` առայժմ հայտնի չէ:

Համենայն դեպս` այդ մասին հանրությանը մատչելի տեղեկատվություն ներկայացված չէ: Իսկ «համատեղ իրականացվելիք մի շարք ներդրումային նախագծեր»-ի մասին հեքիաթներն էլ առաջին անգամ չէ, որ փորձ է արվում ներկայացնել ՀՀ քաղաքացիներին:

Այս իմաստով ակնկալիքներ են եղել ոչ միայն Ռուսաստանից կամ Ֆրանսիայից, այլեւ հարեւան Իրանից, որի հետ «համատեղ իրականացվելիք նախագծերի» փողերը հայրենի իշխանություններն այնքան հաճույքով հրապարակավ հաշվում էին` նշելով, թե հայ-իրանական երկաթուղու, նավթավերամշակող գործարանի կամ Արաքսի վրա կառուցվող հէկ-ից որքան գումար կմտնի պետական բյուջե: Բայց, ինչպես տեսանք, այդ նախագծերից եւ ոչ մեկը կյանքի չկոչվեց: Իսկ դա տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ բացակայում էր այդ նախագծերի իրագործման տնտեսական եւ քաղաքական երկկողմ եւ հավասարաչափ շահագրգռությունը:

Հիմա ճիշտ նույն պատճառով էլ դժվար թե կայանան ԵՏՄ անդամ երկրների հետ համատեղ նախագծերը: Նախ` ԵՏՄ անդամներից մեր ամենակարեւոր դաշնակիցը` Ռուսաստանը, դեռ շատ վաղուց` «գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքից ի վեր Հայաստանում ունի տնտեսական լրջագույն ներկայություն: Սակայն շորթելով ՀՀ կարեւորագույն տնտեսական հզորությունները` ռուսները ոչ միայն դրանք չգործարկեցին եւ դրանով որեւէ կերպ չնպաստեցին ՀՀ տնտեսության զարգացմանը, այլեւ իրենց տնտեսական ներկայությունը փորձեցին ամրապնդել նորանոր շորթումներով` ի դեմս Հրազդանի 5-րդ էներգաբլոկի եւ «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոս բաժնետոմսերի: Իսկ ահա «Նաիրիտ»-ի ակնկալվող վաճառքը ռուսական ընկերությանը չկայացավ, քանզի դա պարտադիր կերպով պահանջելու էր հսկայական ներդրումներ, ինչը ռուսներին ամենեւին հետաքրքիր չէ՝ ինչու փող ծախսել մի բանի վրա, որն առանց այդ էլ իրենց տիրապետության ներքո է:

Ինչ վերաբերում է ԵՏՄ մյուս անդամներին` Բելառուսին եւ Ղազախստանին, ապա առաջինի հետ արդեն իսկ իրականացվող առեւտուրը` գյուղտեխնիկայի եւ տեքստիլի, անցած տարիներին այդպես էլ աճ չարձանագրեց: Իսկ հայկական ընկերություններից էլ այդ երկիր մուտք ունեցան միայն «ընտրյալները», ովքեր երկրի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ սերտ հարաբերությունների մեջ են: Եվ դժվար թե ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս առումով լուրջ փոփոխություններ լինեն:

Հայ-ղազախական տնտեսական «համատեղ նախագծերի» մասին խոսելուց առաջ էլ, թերեւս, պետք է հասկանալ, թե ինչպես են հանգուցալուծվում հայ-ղազախական քաղաքական ոչ այնքան փայլուն հարաբերությունները: Համենայն դեպս` այսօրվա դրությամբ մի քիչ դժվար է պատկերացնել, որ ղազախ գործարարները ցանկանան իրենց միլիոնները ներդնել Հայաստանում:




Լրահոս