Որքանով է Քառյակը հետամուտ սեփական պահանջների կատարմանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարել է, թե «քանի որ իշխանությունները չեն կատարել Քառյակի 12 կետանոց պահանջները, Քառյակը պարտավոր է արդեն նախագահի հրաժարականի հարցը բարձրացնել»:

Այս պահին կարծես թե ամբողջական իշխանափոխության մասին բարձրաձայնում են Քառյակի երկու ուժերը՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, իսկ ահա ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում դեռ չեն շտապում այս մասին հայտարարություններ անել: Կարծեք թե ամբողջական իշխանափոխության, կամ թեկուզ միայն կառավարության հրաժարականի պահանջը մոտ ապագայում դառնալու է այն փորձաքարը, որն էլ կկանխորոշի Քառյակի հետագա ճակատագիրը: Թեեւ, հաշվի առնելով ոչ իշխանական ուժերի՝ անցած ամիսների գործունեությունը, չի բացառվում որ այդ պահանջի հնչեցումը կրում է զուտ իմիտատիվ բնույթ:

Ի վերջո՝ չմոռանանք, որ ամիսներ շարունակ Քառյակի «երկնած» 12 կետանոց պահանջներում որեւէ խոսք չկար իշխանափոխության մասին, եւ առաջադրված էին առավելապես կենցաղային, սոցիալական բնույթի հարցեր: Սակայն անգամ դրանք իշխանությանը շատ թվացին, եւ հենց միայն կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչը չհանելով արդեն իսկ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում որեւէ զիջման գնալ: Բայց այն, ինչ ակնհայտ էր բոլորի համար, Քառյակի համար դեռ փաստ չէր, եւ նույն Ռուբիկ Հակոբյանը «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխությունների ընդունումից հետո հայտարարեց, թե իրենք համարժեք կերպով կարձագանքեն, երբ գա ժամանակը:

Ասել է թե՝ Քառյակն ամեն կերպ փորձեց ձգել ժամանակը՝ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն տալով ամրապնդել իր դիրքերը: Եվ հիմա, երբ Հակոբյանը հայտարարում է, թե իշխանությունն ադեկվատ չէ, դժվար է նրան չհակադարձել՝ ի ցույց դնելով ընդդիմության վարքագծի ոչ ադեկվատությունը, որի արդյունքում հենց նույն Կուտակային համակարգի հետ կապված հանրային դժգոհության հսկայական ալիքը մարեց:

Ինչեւէ. Քառյակի առնվազն կեսի կողմից իշխանափոխության պահանջն արդեն իսկ հնչեցված է, եւ եթե առաջիկայում այդ երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հետ կանգնեն դրանից՝ արդարանալով Քառյակի բոլոր անդամների միասնական դիրքորոշումը հարգելու պարտավորությամբ, դրանով նրանք ոչ միայն զգալիորեն կվտանգեն սեփական հեղինակությունը, այլեւ կասկածի տակ կդնեն Քառյակի՝ սեփական պահանջների իրագործմանը հետամուտ լինելու քաղաքական կամքն ու վճռականությունը:




Լրահոս