Վ. Խաչիկյանի գործով դատաքննությունն ավարտվեց. մեկ ամսից կլսվի վերջին խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի կողմերը կարողանային ողջամիտ ժամկետներում ծանոթանալ գործով չորս ամբաստանյալների, այդ թվում Վազգեն Խաչիկյանին առաջադրված նոր մեղադրանքին ծանոթանալու համար:

Նոր մեղադրանքի համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:

Նախագահողն ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանին հարցրեց` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչու՞մ է, ինչին ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:

Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նշեց, որ իր դիրքորոշումը նույնն է և ավելացնելու ոչինչ չունի:

Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանն էլ նշեց, որ դիրքորոշում հայտնելու ցանկութոյւն չունի: Մյուս ամբաստանյալը` Վահագն Խաչատրյանը, հայտարարեց, որ նախկին դիրքորոշումն ուժի մեջ է:

Ապա պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց դատարանին իր պաշտպանյալ Հրանուշ Դանիելյանին բնութագրող փաստաթղթեր և մեղմացնող հանգամանքներ:

Դատաքննությունը ավարտվեց. դատարանն անցավ վիճաբանությունների փուլին: Նախագահողը հայտնեց, որ անցնում է ամբաստանյալների վերջին խոսքին: Մեղադրողը խնդրեց մեկ ամիս ժամանակ մեղադրական ճառին պատրաստվելու համար:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 25-ին:




Լրահոս