Սեպտեմբերի 2-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23- րդ տարեդարձի նախաշեմին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև: Պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած բանաձևում ասվում է, որ Կալիֆորնիան աջակցում է Ղարաբաղի` անկախ և ժողովրդավար ապրելու ձգտմանը և կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին և նախագահին` սատարել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված անկախությանը: Այսպիսով` Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ թվով հինգերորդ նահանգը, որը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը:
Իհարկե, այս բանաձևը, ինչպես և նախորդ չորս նահանգների ընդունած փաստաթղթերը, որևէ իրավական նշանակություն չեն կարող ունենալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման փոփոխության հարցում, սակայն որոշակի դրական քաղաքական ֆոն, դրանք, այդուհանդերձ, ստեղծում են, ինչի կարևորությունը, թերևս, չարժե թերագնահատել: Ընդունված բանաձևն արդեն իսկ ողջունել են ԼՂՀ և ՀՀ իշխանությունները: Եվ ուշագրավ է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր հայտարարությունում այս բանաձևը գնահատել է որպես Ադրբեջանի կողմից ՀՀ և եռանախագահների` հիմնախնդիրը կարգավորելու ջանքերը խոչընդոտելու պատասխան` ընդգծելով, որ համանման բանաձևերը ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում: Արդյոք դա այդպես է, արդյոք ԱՄՆ հայաշատ այս նահանգի Սենատի քվեարկությունը առավելապես հենց տեղի հայկական համայնքի գործադրած ջանքերի արդյունքը չէ:
Այս հարցի պատասխանը միանշանակ չէ, սակայն ի հակառակ ադրբեջանական քարոզչամեքենայի բարձրացրած հիստերիայի, թե այս բանաձևը ՙգնվել է ԱՄՆ ազդեցիկ հայկական սփյուռքի կողմից՚, հարկ է նկատել, որ այդ դեպքում, թերևս, Կալիֆորնիան պետք է լիներ առաջին նահանգը, որը ճանաչում էր ԼՂՀ անկախությունը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, ավելի վաղ` 2012 -2013թթ-ին, դա արել են ամենևին էլ ոչ հայաշատ Լուիզիանա, Մեն, Մասսաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգները:
Ամեն դեպքում` պարզ է մեկ բան. ինչպես այս, այնպես էլ ԱՄՆ մնացած չորս և Ավստրալիայի ամենամեծ` Նյու Սաութ Ուելս նահանգի` ավելի վաղ ընդունած բանաձևերը պաշտոնական Երևանի դիվանագիտական ջանքերի արդյունքը չեն: Եվ, թերևս, հենց այս պատճառով էլ ՀՀ արտգործնախարարությունը որևէ կերպ, քարոզչական նպատակներով չի օգտագործում այս բոլոր նահանգների ճանաչումները: Ինչևէ. սա դրական և նշանակալի ազդակ է, որի բացասական արդյունքները, հուսանք, չեն հանգեցնի ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության է՛լ ավելի ամրապնդմանը: