Եվ այսպես, ընդդիմության խոստացած թեժ աշնան նախօրյակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձայլ հարցազրույց է տվել: Թեեւ այս անգամ այդ հարցազրույցն ուներ կոնկրետ առիթ` նախկին նախագահի վաթսունամյա հոբելյանը, որը լրացավ ամռան վերջին օրը: Եվ, թերեւս, նաեւ այդ պատճառով այս անգամ Քոչարյանը յուրային հայտնի լրատվամիջոցին նախընտրել էր ռուսալեզու «Նոեւ կովչեգ» պարբերականը` այդպիսով, թերեւս, նաեւ իր մասին ռուսերենով հիշեցնելու նպատակադրմամբ: Թեեւ կարելի էր ռուսերենով հիշելի դառնար ավելի ռուսական լրատվամիջոցում:
Ինչեւէ. եթե այս դեպքում էլ համարենք, որ կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը, ապա պետք է արձանագրենք, որ այս հարցազրույցի միակ նոր ասելիքն այն էր, որ Քոչարյանը, պարզվում է, ունի գրքասիրության հոբբի … ով կմտածեր: Իսկ մնացած հարցերում նախկին նախագահը հերթական անգամ կրկնում է իր` արդեն տաղտկալի դարձած հիշեցումներն առ այն, թե որքան լավ էինք ապրում իր օրոք:
Այդուամենայնիվ`առանձնացնենք իր տարիքը չզգացող, սակայն միեւնույն է` արդեն ոչ այնքան երիտասարդ թոշակառու նախկին նախագահի մի քանի մտքերը` այդպիսով փորձելով գնահատել նաեւ նրա հնարավոր վերադարձից ոմանց անկալիքների իրատեսականությունը: Այսպես. անդրադառնալով երկրի տնտեսության առողջացման համար անհրաժեշտ քայլերին` Քոչարյանը նշում է. «Առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը»: Ինչ խոսք` բյուջեն լցնելու օրախնդրից ավելի մեծ նպատակների հետապնդումը ողջունելի է, սակայն ոչ այնպես, ինչպես դա անում էր Քոչարյանը` մասնավորապես իր հայտնի`40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստմամբ: Ամբողջ երկու տարի ողջ պետական ապարատը լծելով այդ գործին` նա, ի վերջո, հանդիսավորապես հայտարարեց, թե իր առջեւ դրած խնդիրը կատարել է, մինչդեռ իրականում այդ ամենը «բլեֆ» էր: Մի քանի օրով բացված ձեռնարկություններով ու դրանցում «ստեղծված» աշխատատեղերով, բնականաբար, «կովկասյան վագրը» երկար կյանք չէր ունենալու, անգամ եթե չլիներ տնտեսական ճգնաժամը, իսկ կառավարությունն էլ չհանձնվեր Տիգրան Սարգսյանի ապիկար ղեկավարմանը:
Շարունակելով քայլերի թվարկումը` Քոչարյանն ասում է. «Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես մանրի ու միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման եւ ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման»: Չնայած որ Քոչարյանը պնդում է, թե հրաշալի ինքնազգացողություն ունի, այս հայտարարությունից հետո լուրջ կասկածներ են ի հայտ գալիս: Քանզի միայն հիշողության կորստի դեպքում է հնարավոր առանց ամաչելու նման հայտարարություն անել: Չէ որ Հայաստանի ամենամեծ գործարարներից մեկը իր որդին է: