ԲՀԿ-ՀԱԿ խաղը կկայանա` ցանկացած եղանակի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառյակի խոստացած «թեժ աշնան» գալստյան հետ  ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ անկախ սպասվող հանրահավաքային պայքարից` աշունը թեժ է լինելու նախ և առաջ հենց իր` Քառյակի համար:  Արդեն իսկ հայտնի երեք ուղղություններով Քառյակի ներսում առկա տարաձայնությկուններին օրերս ավելացավ չորրորդը, և ըստ ամենայնի` ամենավճռորոշը. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը: Սահմանադրական բարեփոխումների,    Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ՍԴ-ում կրկին վիճարկելու,   իշխանափոխության  պահանջի և ամենակարևորը`  Քոչարյանի վերադարձի հետ կապված հարցերում Քառյակի ներսում առկա են լուրջ հակասություններ, որոնք չհաղթահարելու դեպքում Քառյակը մոտ ապագայում կարող է վերածվել առնվազն եռյակի:

Գաղտնիք չէ,  որ Քառյակի  երկու ուժերը դեմ չեն  նպաստել Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիային: Եվ եթե ՀՅԴ-ի դեպքում այս  պահին կարելի է խոսել ընդամենը լոյալ վերաբերմունքի մասին, ապա ԲՀԿ- Քոչարյան անքակտելի կապը  որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Ինչ վերաբերում է ՙՔոչարյանի անունը լսել անգամ չցանկացող՚ ՀԱԿ-ին և ՙԺառանգությանը՚, ապա  այդ երկուսից առաջինը, թերևս ինչ-որ մի պահի  տեղի տա` հետևելով իր առաջնորդի «քաղաքագիտական վերլուծության» ուղերձներին, մինչդեռ «Ժառանգությունը»  դժվար թե բավականաչափ շարժառիթներ ունենա սեփական հեղինակության վտանգման գնով Քոչարյանի կողքին կանգնելու համար: Ասել է թե` այս  հարցում Քառյակը սպառնում է վերածվել առնվազն եռյակի:

Հաջորդ կարևոր մարտահրավերը իշխանափոխության պահանջի հնչեցումն է` լինի դա ամբողջական, թե մասնակի` կառավարության հրաժարականի պահանջի տեսքով: Այստեղ ևս սպասելի է, որ  մոտեցումները միանշանակ չեն լինի: Քանզի ԲՀԿ-ի համար իշխանափոխության պահանջի անհրաժեշտությունը պայմանավորված է լինելու Քոչարյանի` վերադառնալու  որոշմամբ /որը, կարծես թե ավելի հավանական է, քան երբևէ/: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ դեպքում նույն «Ժառանգությունը»  չի ցանկանա անուղղակիորեն հեշտացնել Քոչարյանի հետդարձի ճանապարհը: ՀԱԿ-ն այս հարցում խնդիր չունի, քանզի ի սկզբանե էլ հնչեցրել է ամբողջական իշխանափոխության պահանջ, իսկ Դաշնակցությունն  էլ, ինչպես հայտնի է, Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարանն է, և անհրաժեշտության դեպքում հաճույքով կերկրորդի իշխանափոխության կոչերը: Ստացվում է, որ այս հարցում ևս  Քառյակը  հանդես կգա որպես եռյակ:

Դե իսկ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Քառյակի երեք ուժերի միակարծիքությունն արդեն իսկ հայտնի է, տարբերվում է միայն  ՀՅԴ դիրքորոշումը: Եվ դարձյալ` Քառյակը  խաղալու է եռյակի ռեսուրսով:

Իսկ ամենաուշագրավն այս «հրաշալի փազլում»  այն է, որ ` ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը բոլոր կոմբինացիաներում էլ մնայուն տեղ ունեն, ինչը փաստում է այս ուժերի` միասնական  քաղաքական խաղի մասին`ցանկացած եղանակի:




Լրահոս