Սեպտեմբեր 3-ը` անկախ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի ելքից, կհիշվի որպես տխուր տարելից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ի մեկամյա տարելիցի կապակցությամբ երեկ ողջ լրատվական դաշտը հեղեղված էր քաղաքական գործիչների եւ փորձագետների մեկնաբանություններով, եւ որ ուշագրավ է` անգամ մեկ տարի անց այդ վերլուծությունների մեծ մասը վերացական էր, քանզի չափազանց դժվար է կոնկրետ դատողություններ անել մի բան շուրջ, որն իբրեւ այդպիսին գոյություն չունի:

Այդուհանդերձ` մի կողմ թողնելով թեր ու դեմ կարծիքների գնահատումը, արձանագրենք, որ սեպտեմբերի 3-ը մենք մշտապես հիշելու ենք որպես տարելից, քանզի հենց այդ օրը պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքացիների կարծիքը երկրի համար ամենավճռորոշ հարցում կարող է ոչ միայն անտեսվել, այլեւ, բառիս բուն իմաստով, բռնաբարվել` միանգամայն անպատիժ եւ անհետեւանք: Անկախ այն բանից` ազգային շահերի տեսանկյունից էր պարտադրված Սերժ Սարգսյանի որոշումը, թե այդ պարտադրանքն ուներ զուտ անձնական կամ կլանային բնույթ (/ իսկ որ դա պարտադրված որոշում էր, որեւէ մեկը չի կասկածում) Սերժ Սարգսյանը, փաստորեն, միանձնյա վճռեց մի ողջ երկրի ճակատագիրը, եւ դա նրան հաջողվեց առանց որեւէ ցնցման:

Եթե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված լիներ 90-95 տոկոս քվեներով, եւ եթե այդ ընտրություններն անցկացված լինեին բացարձակապես առանց կեղծիքների, այդ դեպքում, թերեւս, հասկանալի կլիներ հակազդեցության բացակայությունը: Մինչդեռ Ս. Սարգսյանն, ինչպես հիշում ենք, նախագահ ընտրվեց, մեղմ ասած, ոչ կատարյալ ընտրությունների արդյունքում եւ ձայների` ամենեւին ոչ բացարձակ մեծամասնությամբ: Հետեւաբար` անհասկանալի է, թե ինչու նրա քաղաքական հակառակորդները` ի դեմս ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական ուժերի, որեւէ կերպ չհակազդեցին Ս. Սարգսյանի` միանձնյա որոշումը ժողովրդի վզին փաթաթելու գործելաոճին: Բացառությամբ, իհարկե, «Ժառանգություն» խմբակցության ներկա եւ նախկին պատգամավորների, որոնց հայտարարություններն էլ, ինչպես լինում է բոլոր բացառությունների դեպքում, հաստատեցին կանոնը. տվյալ դեպքում` ՀՀ քաղաքական ուժերի ռուսահպատակության կանոնը:

Եվ այստեղ խնդիրն անգամ այն չէ` արդյոք Սերժ Սարգսյանի` ՄՄ-ին անդամակցելու որոշման արդյունքում մենք ավելի ապահով եւ բարեկեցիկ կապրենք, թե հակառակը: Խնդիրն այն է, որ սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում ժողովուրդը բացարձակապես անպաշտպան է, քանզի նրա շահերի առաջին պաշտպանը` ինստիտուցիոնալ ընդդիմությունն, այսօր վերածվել է իրավիճակային, մանր խնդիրներ հետապնդող ոչ իշխանական ( անգամ ընդդիմություն բառն է արդեն շրջանառությունից դուրս եկել) միավորման, որին ամենեւին չեն հուզում այնպիսի «մանր-մունր» հարցեր, ինչպես ժողովրդի կամքի անտեսումն է:




Լրահոս