Յուրի Վարդանյանը հայտարարում է, որ Հայաստանում դատավորներն անկախ չեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ից հարևան Վրաստանում ուժի մեջ մտավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն էլ պատրաստվում է առաջիկայում անդամակցել ԵՏՄ-ին: Ասել է թե` աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության իմաստով մեր կարևորագույն հարևանն ու մենք այլևս գրեթե գտնվում ենք տարբեր տնտեսական գոտիներում, ինչը, բնականաբար, բազում խնդիրներ է առաջացնում:

Սա ենթադրում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, պետք է օրնիբուն աշխատանքներ տանեն` ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանը, ում` դիվանագիտական աշխատանքի հետ հեռավոր աղերս անգամ չունենալու իրողությունը օրեցօր նորանոր հաստատումներ է ստանում:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ս. Սարգսյանի` նախօրեին ունեցած ելույթի ֆոնին աննկատ անցավ նորաթուխ դեսպանի`հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արած ցնցող հայտարարությունը: Անդրադառնալով իր թմրամոլ որդուն 4.6 տարով ազատազրկելու դատարանի վճռին` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ( այս դեպքում արտակարգ` այլ իմաստով) ասել է, թե չնայած դատական գործընթացը կայացել է Սյունիքում, դատավորն ու դատախազն այդ որոշումը համաձայնեցրել են վերադասների հետ` մայրաքաղաքում, և եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է. «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում… եթե այդպես են որոշել, իրենք գիտեն, որ իմ տղան է, որ ես էս երկրի, էս պետության համար ով եմ և ինչ դիրքորոշում ունեմ, եթե էդպես են վարվել իմ նկատմամբ, ուրեմն դա են ճիշտ համարել»: Սա այլ կերպ, քան հաղորդում հանցագործության մասին, դժվար է որակել;

Փաստորեն ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյան, ավելին` արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարում է, որ Հայաստանում դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարզապես պարտավոր են կամ հետ կանչել և պատասխանատվության ենթարկել Յուրի Վարդանյանին` զրպարտության համար, կամ էլ ընդունելով, որ նրա հայտարարությունը համապատասխանում է իրականությանը` համապատասխան միրջոցներ ձեռնարկեն նշված դատավորին, դատախազին, ինչպես նաև նրանց վերադասներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Շատերը գուցե կասեն` դե լավ, Յուրի Վարդանյանն է, էլի, ով չգիտի նրա իմպուլսիվ և կոնֆլիկտային բնավորությունը, բայց նա մեր լեգենդն է, ուստի կարելի է աչք փակել նեղսրտած հոր ասածների վրա: Այս մոտեցումը, սակայն, ընդունելի չէ: Ի վերջո, նա այլևս մարզիկ չէ, և ոչ էլ անգամ ՀՀ սպորտի նախարար: Նա այլևս երկիր ներկայացնող դեսպան է, որն իր նման խայտառակ հայտարարություններով, բառիս բուն իմաստով, խայտառակում է ռեսպուբլիկան:

 




Լրահոս