Ինչո՞ւ Քրիստինե Պեպելյանը ժյուրիի անդամ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի այս եթերաշրջանի ժյուրիի կազմում են Հայկոն, Սոնան, Արմեն Մարտիրոսյանը եւ Եվա Ռիվասը: Քրիստինե Պեպելյանը ժյուրիի կազմում չկա: Շրջանառվող լուրերի համաձայն, երգչուհին որոշակի անհամաձայնություններ ունի նախագծի կազմակերպիչների հետ եւ այդ պատճառով լքել է ժյուրիի անդամներին:

«Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու հետ` տեղեկանալու` ինչու նա չկա այս եթերաշրջանի «Հայստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում:

-Համաձայն շրջանառվող լուրերի` «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի այս եթերաշրջանում Դուք չկաք ժյուրիի կազմում, քանի որ խնդիրներ ունեք նախագծի կազմակերպիչների հետ: Իսկապե՞ս դա է պատճառը:

-«Արմենիա» հեռուստաընկերության հետ երբեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել: Այս հեռուստաընկերության հետ իմ հարաբերությունները մշտապես եղել են բավականին լավ: Հիշեցնեմ, որ վարել եմ «Բարի լույս հայեր» ծրագիրը, որը հեռարձակվում է «Արմենիա»-ով:

Ես դեռ ամիսներ առաջ եմ ունեցել հրավեր` լինելու «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում, բայց բավականաչափ հագեցած իմ առօրյան եւ առաջիկայում սպասվելիք շրջագայություններն այդ հնարավորությունը չեն տալիս: Ես ինքս եմ մերժել այդ հրավերը: Որեւէ խնդիր չկա ու պետք չէ որեւէ բան փնտրել:

-Ի՞նչ շրաջագայությունների մասին է խոսքը: Ձեր ստեղծագործական կյանքում ինչ-որ փոփոխությունների կհանգեցնե՞ն ճամփորդությունները:

– Պատրաստվում եմ նոր` անգլալեզու երգ ներկայացնել հանդիսատեսի դատին : «My one and only» երգի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ստեղծագործական ակտիվություն աշխատում եմ միշտ ունենալ: Իսկ առաջիկայում համերգներ եմ ունենալու Ռուսաստանի մի քանի շրջաններում:

Շուտով կթողարկվեն երկու տեսահոլովակներ: Նախատեսում եմ նաեւ մի քանի ֆոտոշարք ներկայացնել հանրությանը:

Հավանաբար նոյեմբեր ամսին արդեն եթերում կլինի «Հայաստանի ձայնը» նախագծի իմ թիմի մասնակից Արամ Գինեսյանի հետ խոստացված դուետի տեսահոլովակը: Ես իմ խոստումը պատվով կատարել եմ: Ձայնագրման աշխատանքները ընթացքի մեջ են:

-Թեմայից դուրս, բայց ոչ պակաս կարեւոր մի խնդրի շուրջ կուզենայի զրուցել: Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող անհանգիստ վիճակին մարդիկ ամենատարբեր կերպ արձագանքեցին: Ձեր գործընկերներից շատերը միգուցեեւ իրենց հեղինակության նշաձողը բարձր պահելու համար, մեկնում էին շփման գիծ`զորակցելու զինվորներին, լուսանկարվելու նրանց ֆոնին: Ձեզ չտեսանք «կամուֆլյաժով»:

– Ինքս այդ շրջանում բավականին հագեցած առօրյա եմ ունեցել եւ չեմ կարծում, որ միայն սահման մեկնելով կարելի է զորակից լինել զինվորին: Շատ գնահատում եմ իմ գործընկերների քայլը, ովքեր մեկնել են դիրքեր: Այդ արարքը միայն գովեստի է արժանի: Մարդիկ իրենք են որոշում ուր գնալ եւ երբ, բայց զինվորին զորակցելը չեմ կարծում, որ ձեւական բնույթ կարող է կրել:

Ես բազմիցս հանդես եմ եկել բազմաթիվ բարեգործական համերգներով, մեկնել եմ տարբեր զորամասեր` համերգային ծրագրերով: Հենց սահմանամերձ տարածքներում` Հորադիսում, Եղնիկներում, Հադրութում եմ բարեգործական համերգներով հանդես եկել:
Աստված չանի, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես ինքս էլ պատրաստ եմ մեկնել դիրքեր, գտնվել խրամատներում եւ հնարավորություններիս սահմաններում օգնել մեր զինվորներին:

Աստված տա, որ այս թեմայի մասին խոսելու անհրաժեշտությունը երբեք էլ չլինի, թող որ մեր երկրին երբեք էլ պատերազմ չսպառնա, եւ մեր զինվորները կատարեն հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը եւ ողջ ու առողջ վերադառնան տուն:

Լուսինե Հակոբյան




Լրահոս