«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, դիմելով ՀՀ-ում գնվող միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, պետությունների դեսպաներին, ցանկանում է գրավել նրանց ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ օգոստոսի 2-ից Իրաքի Շանգալ շրջանում, որը հիմնականում եզդիաբնակ է, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: ՀԿ նախագահը խնդրում է վերոնշյալ մարդկանց իրենց աջակցությունը ցուցաբերել եզդի ժողովրդի նկատմամբ և թույլ չտալ ի սպառ վերացնել եզդիներին:
«Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասին` երեխաներին, ծերերին, տեղահանել են բնակավայրից, որոնք սարերում էլի բնաջնջվում են: Շուրջ 1500 կանայք ստրկության մեջ են Մոսուլ քաղաքում, և ցավալի է, որ Իրաքի Հանրապետության նոր վարչապետն իր խոսքում երբեք չի նշել եզդի կանանց ազատագրման մասին: Գերեվարված են նաև երեխաներ, որոնց պահում են, որ իսլամ ընդունեն: Սա նույնպես ցեղասպանություն է: Միջազգային հանրության տրամադրած օգնությունը լիարժեք չի հասնում եզդիներին: Ներկայումս եզդիներն ունեն երեք ռազմական ջոկատ, որոնց ղեկավարները դժգոհում են, որ զենք չեն ստանում: Կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում, որ եզդիներն իրենք պաշտպանեն իրենց: Գյուղեր կան, որ ազատագրվել են, բայց եզդիները վախենում են վերադառնալ իրենց բնակավայրերը: Վերապրածները մահվան, վախի սարսափը միանգամից մոռանալ կամ անտեսել չեն կարող: Բացի այդ ուզում են, որ միջազգային հանրությունը անվտանգության երաշխիքներ ստեղծի»,- հայտարարության մեջ ասում է Ամո Շարոյնաը:
Վերջինիս փոխանցմամբ` եզդի հասարակական գործիչների, հասարակական կազմակերպությունների ցանկությունը մեկն է` պահպանել Շանգալը: Բայց դրա համար պետք է այնտեղ ստեղծվի ինքնավար Հանրապետություն` միջազգային կազմակերպությունների խաղաղապահ ուժերի ներքո:
Ամո Շարոյանը հիշեցնում է, որ օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբաման հայտարարել էր, որ իրենք պետք է կանխեն իրաքում ջիհադակաների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնիաների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանությունը դատապարտել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը և այլ միջազգային կազմակերպություններ ու պետություններ:
«Ի սեր Աստծո միջազգային հանրությունը, գերտերություները պատասխանատու են ոչ միայն իրենց երկրների և ժողովուրդների համար, այլև պատասխանատվություն պետք է կրեն ամբող աշխարհի անվտանգության համար: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ: Իրագործեք հնարավոր բոլոր միջոցները եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար: Փրկեք նրանց կյանքը, ազատությունը և ապահովեք նրանց անձի անձեռնամխելիությունը: Թույլ մի տվեք, որ 6000 և ավելի տարիների պատմություն ունեցող ժողովրդին արմատախիլ անեն իրենց բնակավայրից` Շանգալից` մեր սուրբ հոգևոր առաջնորդարանանիստ Լալիշա Նուրանից: Կործանեն մեր պատմությունը, կրոնն ու մշակույթը: Մեր օջախից հանեք նրանց, ում գործը մարդ սպանելն ու թալանելն է, ապահովեք մեր բնօրրանի պաշտպանությունը և մեր ազգակիցների վերադարձը մեր հայրենի տարացքները: Հավատացած եմ, որ եթե աշխարհը, հզոր դեմքերը տարբեր ամբիոներից ելույթներ ունենալուց անհապաղ չանցնեն գործուն միջոցների կատարմանը, չզգան և չգիտակցեն իրական վտանգը, ապա չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն իրենց երկրի ներսում պայքարել ԻՊ չարիքի դեմ»,- կոչով և խնդրանքով դիմում է Ամո Շարոյանը: