Արտակարգ իրավիճակ Արմավիրում. բնակիչների ահազանգին ոչ մի լուծում չի տրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն զանգահարեցին Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի տարածաշրջանի գյուղական մի շարք համայնքների բնակիչներ` տեղեկացնելով, որ արդեն տևական ժամանակ է` ջրի սակավության հետևանքով ցանքատարածությունները չորացել են, բերքը` վնասվել:

Ամասիա համայնքի բնակիչներից մեկը` Սահակը, տեղեկացրեց, որ դիմել են հնարավոր բոլոր գերատեսչություններին` օգնություն խնդրելով, սակայն՝ անօգուտ:

«Հոկտեմբերյանի շրջանի գյուղերից ոչ մեկում ջուր չի մտնում: Էդ ջուրը չի անցնում մայր առվով: Ժողովուրդը վարկերի տակ ճռռում ա, ո՞նց պիտի լինի: Շուտ պետք ա մտածեին, որ վիճակին չհասնեինք»,- զայրացած ասաց բնակիչը:

Armlur.am-ի հետ զրույցում Ամասիայի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը` Արայիկը, տեղեկացրեց, որ ողջ տարածաշրջանում այդ խնդիրն է տիրում: Նրա խոսքով` սնուցումը կատարում է Արաքս գետը, և ամառվա այս սեզոնին ջուրն Ախուրյանի ջրամբարից են բաց թողնում: Իսկ այնտեղ այս սեզոնին ջուրը պակասում է:

«Սկզբում եռօրյա կամ քառօրյա էր բաց թողնումը, հետո դարձավ ութօրյա, ու բնական է, որ ջուրը դրանից ավելի կքչանար: Այդ հարցին լուծում ոչ ոք տալ չի կարող: Բնության պաշարներն են սպառվել: Լուծումն այն է, որ մեր` դեռևս կոմունիստների ժամանակվանից մնացած երկու արտիզյանները, որոնք մինչև հիմա չեն գործում, վերականգնվեն և ջուր բաց թողնեն»,- ասաց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը` հավելելով, որ մարդիկ իրենց ուժերով խնդիրը լուծել չեն կարող, իսկ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն խոստացել էր երկու ջրապոմպ տրամադրել, սակայն խոստումը, փաստացի, չի իրականացվել:

Արայիկը հայտնեց, որ վերոնշյալ երկու արտիզյանների մասով իրենք դիմել համապատասխան կառույցներին, սակայն գարնանն ընդերքի ջրերի հետ կապված կոնսերվացիոն աշխատանքներ պետք է իրականացվեին, ապա հրաման էր ուղարկվել, թե չի կոնսերվացվելու, իսկ հիմա իրենք հստակ չեն կարող ասել, թե արտիզյանները երբ կշահարկվեն:

«Անորոշ վիճակ է: Մի գյուղ չի, երկու գյուղ չի: Ընդհանուր տարածաշրջանն է այդ խնդրի առաջ կանգնել: Մայր առուն ողջ մարզին է սպասարկում: Ժողովուրդը ուզում ա ջրի, ջուրն էլ շատ քիչ ա գալիս»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Գյուղապետարանի աշխատակցի պարզաբանումն իմանալուց հետո բողոքող բնակիչներն ավելի զայրացան` ասելով, թե նման լուծում եթե նախատեսվում էր, դրանով նախքան ցանքը սկսելը պետք էր զբաղվել:

«Ի՞նչ են ուզում, ուզում են, որ ժողովուրդը վեր կենա, գնա՞ էս երկրից: Հենց երկու կաթիլ ջուր ա լինում, գայլի օրենքն ա գործում. հարձակվում են վրեն, ու ով ուժեղա, նա էլ շահում ա: Էս ի՞նչ ա կատարվում: Արտիզյաններն ունեին, հարցը շուտ լուծեին: Հիմա ում դուռն էլ ծեծենք, ում էլ դիմենք, պիտի գլուխներիս տակ փափուկ բարձ դնեն, ճանապարհեն: Սա արտակարգ իրավիճակ ա, թող լուծում տան: Մարդիկ էդ բերքի հույսին են, հիմա ի՞նչ են անելու, ո՞նց են ապրելու»,- դժգոհելով` ասաց բնակիչներից մեկը:

Վերջինս հիշեցրեց նաև, որ իրենց որոշ ժամանակ առաջ ասել էին, թե ջուր է բերվելու Սևանա լճից, սակայն այս խոստումներն էլ չիրականացան:

Մարդիկ ճարահատյալ պատրաստվում են լքել երկիրը, քանի որ իրենց երկրում ապրելու միակ միջոցն, անգամ, այլևս չկա:




Լրահոս