Որքանո՞վ հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին ցեղասպանության ճանաչմանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ այն ճանաչած եւ դատապարտած շուրջ երկու տասնյակ երկրների շարքում երեկ կարեւոր քայլ կատարեց Հունաստանը: Այդ երկրի խորհրդարանը ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդպիսով` Հունաստանը դարձավ Եվրամիության անդամ թվով երրորդ երկիրը` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նշենք, որ մի քանի անգամ քննարկված եւ փոփոխությունների ենթարկված օրինագծի վերջին` լրամշակված տարբերակով հստակորեն պահանջվում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Այս օրենքով նախատեսվում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն միջազգային ատյաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Այսպիսով` Հունաստանի ընդունած այս օրինագիծը, կարելի է ասել, որոշակիորեն փրկում է հայկական դիվանագիտության դեմքը, որը Մեծ եղեռնի հարյուրամյակին նախորդող տարում որեւէ տեսանելի աշխատանքի չի տանում` հասնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մեկը մյուսի հետեւից շուրջ մեկ տասնյակ երկրների խորհրդարաններ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր, թուրքական լրատվամիջոցները մտահոգված գրում էին, որ նման ընթացքի դեպքում Հայաստանը կնշի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը` որպես արդեն միջազգայնորեն, ողջ մարդկության կողմից ճանաչված եւ դատապարտված հանցագործություն:

Ու որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն համոզել, թե ճանաչման ընթացքի կասեցման վրա ազդեցություն չունեցան տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները, ակնհայտ է, որ դա այդպես չէ: Եվ Հունաստանի խորհրդարանի ընդունած այս օրինագիծն ամենեւին էլ չի փաստում հակառակը: Ի վերջո, ոչ ոք չէր ասում, թե հայ-թուրքական չարաբաստիկ գործընթացից հետո այլեւս ոչ մի երիր Ցեղասպանությունը չի ճանաչի: Իսկ այն երկրները, որոնց ճանաչումն ու քրեականացումը մեզ համար այդքան կարեւոր էր` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, այս ընթացքում այդպես էլ բեկումնային քայլ չկատարեցին` բավարարվելով կիսաքայլերով: Ամեն դեպքում` հուսանք, որ Հունաստանի օրինակին կհետեւեն նաեւ այլ երկրներ, եւ Հայաստանը հարյուրամյա հանգրվանը կթեւակոխի Թուրքիայի կատարած ոճիրը դատապարտող ավելի մեծ թվով երկրների աջակցությամբ:




Լրահոս