Մի ոլորտ, մի օլիգարխ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց է ուղղել «Արմավիա»-ի կուտակած պարտքերի մասին: Հիշեցնելով, որ «Արմավիա»-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները, ընդդիմադիր պատգամավորն իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ կառավարությունը հանդես չի եկել քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ` այդպիսով պարտակելով կատարված հանցագործությունը:

«Նոր կառավարությունը ոչ միայն շարունակում է հանցագործության պարտակման գործը, այլև ճարպկորեն օգնում է Բաղդասարովին` թեթևացնելու իր պարտքերի բեռը պետության հաշվին` միևնույն ժամանակ օգնելով կախարդական փայտիկ չունեցող վարչապետին խոսել բյուջեն լցնելու խոստումների կատարման մասին»,- ընդգծել է պատգամավորը:

Ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, թե եթե կառավարությունը հարկային պարտավորությունները չկատարող օդային փոխադրողի գործունեության վրա արգելանք դներ, ապա Հայաստանը կմնար առանց օդային փոխադրումների. «Այդ պատճառով էլ համբերատար, ինչպես վարվում ենք նաև շատ այլ ձեռնարկությունների հետ, ժամանակացույց ենք տրամադրում, որպեսզի կարողանան վճարումներ կատարել»,- պարզաբանել է Խաչատրյանը:

Սա ապշեցնող տրամաբանություն է: Փաստորեն` ՀՀ իշխանություններն ի սկզբանե ողջ դաշտը հանձնում են մեկ օլիգարխի տնօրինմանը, ապա հայտնվելով պատանդի կարգավիճակում` ստիպված հարմարվում մենաշնորհատիրոջ ապօրինություններին ու քմահաճույքներին: Կոնկրետ «Արմավիա»-ի դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչից ելնելով այդ ընկերությանը տրամադրվեց ազգային փոխադրողի անհասկանալի կարգավիճակը, այն էլ` ամբողջ տասը տարով: Եվ տրամադրվելուց հետո էլ վերջինիս վարած խայտառակ գնային քաղաքականությունն ու սպասարկման որակն աչքի առջև ունենալով` ինչու կառավարությունը ընկերությանը տրված այդ կարգավիճակը չեղյալ չհայտարարեց և ավելի շուտ չանցավ «բաց երկնքի» քաղաքականությանը, որի դիմաց Արևմուտքը պատրաստ էր լուրջ աջակցություն ցուցաբերել:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, իհարկե, հայտնի են յուրաքանչյուրին: Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ գործարարներից մեկն էր ( ով գիտե, գուցե և` է), ով դրա շնորհիվ ոչ միայն մի ողջ ոլորտի զարգացում էր տորպեդահարում, այլև նրան պատկանող ընկերությունները տարիներ շարունակ չէին վճարում հարկերն ու անգամ տարբեր կոմունալ` ջրի, գազի, էլէներգիայի վարձավճարները: Եվ այն աճուրդային աճպարարությունը, որն օրեր առաջ իրականացվեց Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրի` Ֆինանսների նախարարությանը փոխանցելու հարցում, ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները շարունակում են մնալ արտոնյալի կարգավիճակում` անգամ եթե հարյուրավոր միլիոնների վնաս են հասցրել պետությանը:




Լրահոս