Համատիրությունը թերի է կատարում իր պարտականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին դիմեց Երեւանի բնակիչ Կարապետ Պետրոսյանը, ով տեւական ժամանակ է, ինչ իրենց շենքի «Ֆրունզե 10» համատիրության նախագահից պահանջում է իր կողմից բարձրացված խնդրին լուծում տալ, սակայն անօգուտ: Բանն այն է, որ Պետրոսյանին պատկանող նկուղն արդեն մեկ շաբաթ է, ինչ կոյուղաջրերով է լցվել` գարշահոտություն տարածելով:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացի Կարապետ Պետրոսյանը բնակվում է Երեւանի Արշակունյաց 44/2 շենքում, որի կոյուղաջրերը լցվել են իրեն պատկանող նկուղը: Քաղաքացին այս խնդրով շուրջ մեկ շաբաթ է, ինչ դիմել է համատիրություն, սակայն մինչեւ հիմա այն չի լուծվել:

«Ամեն օր գնում եմ համատիրություն, բայց այնտեղ ասում են` գնա այսօր կգանք: Գնում եմ տուն, բայց չեն գալիս: Հաջորդ օրն էլ եմ գնում… ու նորից նույնը: Լավ, մինչեւ ե՞րբ: Նախորդ երկուշաբթիից դիմել եմ: Արդեն չգիտեմ, թե ինչ անեմ, շենքի բնակիչներն էլ գնում-գալիս են ու դժգոհում: Բոլորն էլ տրտնջում են շենքում լցված գարշահոտությունից: Բայց ես ի՞նչ անեմ: Ապրում եմ առաջին հարկում ու անմիջապես ես եմ զգում այդ գարշահոտություն»,- վրդովված պատմեց քաղաքացին:  Նրա խոսքով` շենքում հավանաբար խողովակ է պայթել, որի պատճառով էլ կոյուղաջրերը լցվել են քաղաքացու նկուղը: ՙԲայց ես չեմ հասկանում` պատկան կառույցներն այսպե±ս են աշխատում: Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ խնդրում եմ գան ու այս հարցը կարգավորեն: Ախր մեզ անհարմարություն է պատճառում»,- զայրացած նկատեց Պետրոսյանը:

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ Ֆրունզե 10 համատիրության նախագահ Վարդան Մարգարյանի հետ, ում պատասխանատվության տակ է գտնվում նաեւ Արշակունյաց 44/2 շենքը: «Ես իրենից խնդրել էի, որ իր նկուղի աղբը մաքրի, բայց ինքն էլ պատասխանեց, որ չի կարող: Ու ասաց, որ ինքը համապատասխան մարդու կվարձի, ով կմաքրի նկուղը: Բայց չարեց: Դրա համար էլ անընդհատ ձգձգվում էր այս խնդրի լուծումը: Բայց ես Ձեզ խոստանում եմ, որ այս հարցը արագ կլուծվի: Հենց այս պահին ես գնում եմ այնտեղ, որպեսզի ինքս անձամբ անեմ դա: Ուղղակի մեզ էլ հասկացեք, աշխատող չկա: Ընդամենը երեք հոգի ենք, չենք հասցնում: Շենքերը շատ են, խնդիրներն էլ` նույնպես»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարացավ Մարգարյանը:

Տեսնենք` կկատարի իր խոստումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս