Ծառուկյանի խոսքով` Քոչարյանի նախագահության տարիներին մարդիկ շատ վատ են ապրել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին: Կասկածի տակ դնելով իշխանությունների կողմից նոր Սահմանադրության հայեցակարգի` ՀՀ մարզերով մեկ իրականացված հանրային քննարկումների լրջությունը` նա, մասնավորապես, ասել է. «Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»: Ուշագրավ է, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մնացած անդամներն, ի տարբերություն իրենց առաջնորդի, չեն վարանում դեմ խոսել մի բանի մասին, որը Ծառուկյանի խոսքով` «դեռ չկա, հայտնի չէ», եւ փաստորեն` զբաղվում են անլուրջ գործով:

Այդուամենայնիվ` ԲՀԿ առաջնորդն ընդգծում է.«Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»` այդպիսով, ըստ էության, բարձրաձայնելով ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացվելիք հայեցակարգի շուրջ, քանզի ակնհայտ է, որ սահմանադրական այս բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակը հենց Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովումն է:

Ի դեպ, նկատենք, որ եթե Ծառուկյանն առհասարակ դեմ է վերարտադրությանը, ապա պետք է որ դեմ լինի նաեւ Քոչարյանի վերարտադրությանը: Եվ այս առումով` սահմանադրական բարեփոխումները երկսայրի սուր է, քանզի միտված լինելով ապահովել Ս. Սարգսյանի վերարտադրությունը, այն կոչված է բացառելու Քոչարյանի վերադարձը:

Իր հարցազրույցում Ծառուկյանը նաեւ մեկ այլ ուշագրավ արձանագրում է կատարում: Անդրադառնալով իր` քաղաքական դաշտ մտնելու շարժառիթներին` ԲՀԿ առաջնորդն ասում է. «Տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար»: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադրմամբ, քաղաքականություն է մտել դեռեւս 2004թ-ին, ապա ստացվում է, որ Ծառուկյանը նման մռայլ գույներով ներկայացնում է հենց Քոչարյանի կառավարման տարիները: Մի տեսակ անհարմար բան է ստացվում…




Լրահոս