Այս անգամ ով կխանգարի Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում որեւէ խոչընդոտ կամ չլուծված, չքննարկված հարց չի մնացել, հոկտեմբերի10-ի` նախանշված ժամկետի մոտենալն ու ԵՏՄ անդամ մյուս երկրների լռությունն այլ բանի մասին է խոսում: Մինչ Վ. Պուտինը Ն. Նազարբաեւի` ԵՏՄ չմտնելու մասին զգուշացման հաջորդ իսկ օրը շտապեց հանձնարարել ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը, ԵՏՄ անդամ մյուս պետություններում` Բելառուսում եւ Ղազախստանում, այդ գործընթացը դեռեւս տեղում դոփում է: Եվ, դատելով Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկիի` նախօրեին Երեւանում արած հայտարարություններից, չի բացառվում, որ Հայաստանի անդամակցության պայմանագիրն այս անգամ էլ չստորագրվի նախանշված ժամկետում` հոկտեմբերի 10-ին:

Թեեւ Բելառուսի խորհրդարանի Ստորին` ներկայացուցիչների պալատի փոխնախագահը վստահեցրել է, որ իր երկրի կառավարությունն ինտենսիվ կերպով ներկայում աշխատում է փաստաթղթի փորձաքննության վրա եւ իրենք ամեն ինչ անում են, որ պայմանագիրը ներկայացվի խորհրդարան արդեն հոկտեմբերի 2-ին մեկնարկող նստաշրջանին, որպեսզի հասցնեն մինչեւ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթաժողովը այն վավերացնել, այդուհանդերձ նա նաեւ հաստատել է, որ ՀՀ անդամակցության պայմանագրում ներկայում առկա են որոշ կետեր, որոնց շուրջ Բելառուսն ու Ղազախստանը տարաձայնություններ ունեն, եւ որոնց վերացման ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում:

Իհարկե` Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակից ավելի բարձր մակարդակի պաշտոնյաների շուրթերով ավելի վաղ հավաստիացվել է, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ Ղազախստանը Հայաստանի անդամակցության հետ կապված որեւէ խնդիր չեն տեսնում, սակայն փաստն այն է, որ անդամակցության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում:

Կարելի կլիներ մտածել, որ գործընթացի այս ձգձգման պատճառը Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական արտոնությունների շուրջ տարվող բանակցություններում մեր երկրի շահերին մինչեւ վերջ եւ ամենայն մանրախնդրությամբ հետամուտ լինելու գործելաոճն է: Սակայն դա, ցավոք, ի սկզբանե բացառվում է, քանզի ՀՀ շահերին հետամուտ լինելու պարագայում մեր իշխանություններն առհասարակ պետք է ձեռնպահ մնային սեպտեմբերի 3-ի շրջադարձային որոշումից, որով մեզ կապում են փլուզվող տնտեսական համակարգ ունեցող Ռուսաստանի, կոռումպացված Ղազախստանի եւ բռնապետական Բելառուսի հետ: Իրականում պատճառը մի կողմից՝ Ղազաղստանի եւ Բելառուսի, մյուս կողմից՝ Ռուսաստանի շահերի բախումն է: Եվ ներմիութենական այս գործընթացքում Հայաստանը հերթական անգամ վերածվում է մանրադրամի։




Լրահոս