Էս ի՞նչ է կատարվում…նենց էլ խոսում են, մարդ խճճվում ա. սպանված գերու հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին ադրբեջանական սահմանում հայտնված, հաջորդ օրը անհասկանալի պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի դին շարունակում է հակառակորդի մոտ մնալ:

Armlur.am-ի հետ զրույցում Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը, հայտնեց, որ այսօր իրենց զանգահարել են Երևանից և հայտնել, որ երկուշաբթի օրը պետք է ներկայանան: Թե որ կառույցից է եղել զանգը, Արտուշ Պետրոսյանը դժվարացավ նշել, միայն ընդգծեց, որ «Կարմիր խաչից» չի եղել:

«Երևանից զանգեցին, ասեցին՝ կներկայանաս: Մեզ կոնկրետ չեն ասում` ինչ ա կատարվում, տղուս դիակը երբ կբերեն: Արդեն չենք էլ հասկանում` ինչէ կատարվում: Նենց էլ խոսում են, մարդ խճճվում ա: Ասում եմ` ի՞նչ կլնի, ասում են` դե տեսնենք, սպասում ենք, բանակցում ենք: Ի՞նչ են բանակցում, ի՞նչ են անում: Մի քանի օր առաջ ռայոն էինք էկել, ասեցի` գոնե հույս կա՞, նրանք էլ, թե` կա: Դե տեսնենք էլի, տեսնենք` ինչ կլնի»,- նշեց մեր զրուցակիցը` միաժամանակ նշելով, որ կնոջ վիճակը շարունակում է վատ մնալ, թեև իրենց Առողջապահության նախարարության կողմից անվճար դեղորայք է տրամադրվել:

Նշենք, որ սպանված գերու մայրը հոգեպես առողջ չէ. նրան խնամում էր գերի ընկած որդին:

Ի դեպ, ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր մտահոգությունն է հայտնել Կարեն Պետրոսյանի մահվան փաստով: Պետդեպարտամենտի դիտարկման համաձայն` մահը վրա է հասել  ոչ բնականոն ճանապարհով:

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին արտահանձնելու գործընթացին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անցել էր սահանը և գերեվարել: Մեկ օր անց ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծամահ» է եղել «սուր սրտանոթային անբավարարությունից»:




Լրահոս