Ինչու եռյակը հանրահավաքի համար ընտրեց հենց հոկտեմբերի 10-ը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` երկարատեւ քննարկումներից հետո քառյակից սահուն կերպով եռյակի վերածված Աժ ոչ իշխանական ուժերն, ի վերջո, որոշեցին խոստացված միասնական հանրահավաքի օրը: Այն կկայանա հոկտեմբերի 10-ին, ճիշտ այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը։

Դժվար է պատկերացնել, որ «թեժ աշնան» բոլոր օրերից այլեւս ոչ այդքան «հրաշալի» եւ ոչ էլ Քառյակի ներկայացուցիչները հենց այդ օրը պատահաբար են ընտրել: Թեեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԵՏՄ-ին անդամակցության հարցը «ընդհանրապես այսօրվա ամենակարեւոր հարցը չէ», այդուհանդերձ` քիչ հավանական է, որ ԵՏՄ-ի հարցը չլինի հանրահավաքային ելույթների օրակարգում: Ամեն դեպքում` ակնհայտ է, որ հենց այդ օրը հրավիրելով միասնական հանրահավաքը, եռյակն առնվազն թուլացնում է Մինսկում անդամակցության պատրաստվող Սերժ Սարգսյանի դիրքերը:

Ընդ որում, նկատենք, որ հոկտեմբերի 10-ին նախանշված այս երկու իրադարձությունների հետ կապված էլ առայժմ բովանդակային որոշակիություն չկա: Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե եռյակն ինչ պահանջներով եւ ինչ հայեցակարգով է սկսելու հանրահավաքային պայքարը, արդյոք լինելու է ամբողջական իշխանափոխության կամ կառավարության հրաժարականի պահանջ, թե եռյակն առայժմ բավարարվելու է իր 12 կետանոց պահանջագրի վերաձեւակերպմամբ: Ավելին` չի բացառվում, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը լինեն նոր անակնկալներ`սահմանադրական բարեփոխումների հետ կապված «ժառանգության» դիրքորոշման մասով, եւ արդյունքում հանրահավաքը վարեն «քաղաքագիտական վերլուծությամբ պսակված» երկու ուժերը` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

Նույնքան անհստակ է նաեւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը: Այստեղ եւս անակնկալները չեն բացառվում. դրանք կարող են լինել ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի կողմից, ընդ որում` նոր` տնտեսական բնույթի պահանջների տեսքով: Ի վերջո, ակնհայտ է, որ այսօր Հայաստանի անդամակցությամբ շահագրգիռ միակ երկիրը Ռուսաստանն է, ուստի նրա հետ բազմաթիվ խնդիրներ ունեցող ԵՏՄ մյուս երկու անդամները դժվար թե հեշտացնեն Ռուսաստանի կցորդի անդամակցության գործընթացը: Մի խոսքով` թեեւ առաջիկա հոկտեմբերի 10-ը նախանշված է որպես նշանակալի, եթե չասենք` բեկումնային իրադարձությունների օր, չի բացառվում, որ այս անգամ եւս այն լինի անպտուղ «ֆալշստարտի» օր: Ճիշտ այնպես, ինչպես հինգ տարի առաջ` 2009-ին` Ցյուրիխում հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման դեպքում:




Լրահոս