ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԿԳՆԱՆ ՄԻՆՉԵՎ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը մարտական է տրամադրված եւ ցանկացած հարցում, այդ թվում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անգործության հետ կապված, կդիմի ընդհուպ մինչեւ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:
Ինչպես նկատում ենք, շուրջ 4 ամիս է, ինչ մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ համալիրը պատկանում էր ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Բանն այն է, որ 2012թ. կառավարությունը համալիրի սեփականատերերին 23 մլն դոլարի բյուջետային վարկ էր տրամադրել: Իսկ տնօրինությունը չէր կարողացել մարել վարկը եւ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 7 անգամ աճուրդի հանեց այն, որն այդպես էլ գնորդ չունեցավ: Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը որոշեց պարտքի դիմաց համալիրի շենքը հանձնել Պաշտպանության նախարարությանը:
Այս ամիսների ընթացքում համալիրի սեփականատերերը բարձրաձայնում էին, որ ԴԱՀԿ ծառայության գործողություններն անօրինական են եւ նրանք ամեն ինչ անում են համալիրը շենքի իրական տերերից խլելու համար, սակայն նրանց բողոքները մնում են անարձագանք:
Պարզվում է՝ համալիրի տնօրինությունը տեղի ունեցող անարդարության մասով բազմիցս նամակ է գրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, սակայն իրավիճակը կարգավորելուն ուղղված որեւէ քայլ չի արվել նախարարի կողմից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ վերջին անգամ, երբ նախարարին նամակ են գրել ԴԱՀԿ համապատասխան բաժինների փոփոխության անօրինականության մասով, նախարարությունից իրենց պատասխանել են, թե դա իրենց օրոք չի եղել: «Դա աբսուրդ է, ինքն է հիմա նախարարը: Ինչ անենք, նախկին նախարարին բերե՞նք: Դրա համար էլ նախարարի անգործությունը վերացնելու հիմքով մենք դատի տվեցինք նրան: Ես հույս ունեմ՝ ինքը կրթված անձնավորություն է եւ, ի վերջո, քայլերի կգնա: Այս հարցը կարող է հասցնենք մինչեւ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: Կրկնում եմ՝ ցանկացած դատական պրոցեսի լուծում մենք տեսնում ենք Եվրադատարանում, սակայն ոչ Հայաստանում»:
Երեկ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:
-Պարոն Մանուկյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը դատի է տվել Ձեզ, տեղյա՞կ եք:
-Լսել եմ:
-Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Հայցը պաշտոնապես կստանանք, բնականաբար դատարանը վարույթ կընդունի, համապատասխան գործընթացներ կսկսվեն, հայցին համապատասխան պատասխան կգրվի:
-Համալիրի սեփականատերերը բարձրաձայնում են, որ երբ Ձեզ են դիմել ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանումների փոփոխության անօրինականության հետ կապված, Դուք նրանց պատասխանել եք, թե «դա իմ օրոք չի եղել»: Այսինքն, եթե նախկին նախարարի սխալն է, Դուք չե՞ք պատրաստվում այն ուղղել:
-Նման բան չկա:
-Մարդիկ սո՞ւտ են խոսում, հստակ հայտարարում են, որ Ձեր պատասխանը այդպիսին է եղել:
-Գիտեք, չեմ ցանկանում մեկնաբանել երրորդ անձի պնդածները: Ես կարող եմ մեկնաբանել այն, ինչ ես եմ ասել, կամ այն գործողությունները, որոնք իմ կողմից են կատարվել կամ նախարարության կողմից:
-Այդ դեպքում կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ ինչ եք պատասխանել համալաիրի սեփականատերերին:
-Դիմեք նախարարության լրատվական բաժին։ Այնտեղ ձեզ կտրամադրեն մեր պատասխանը:
Հ. Գ. Երեկ Արդարադատության նախարարության լրատվական բաժնից խոստացան նախարարի պաշտոնական պատասխանը մեզ տրամադրել այսօր:
ԻՆՉՊԵՍ ԿԱՇԽԱՏԵՆ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ
Երեկ նախկին գլխավոր դատախազ, նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը կարծիք է հայտնել, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Մինչդեռ armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պահանջել էր Հովսեփյանից հրապարակել 10 մարդկանց սպանողների ցուցակը:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպեց լրագրողների հետ՝ առաջինն ավետելով, որ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության եւ հասարակության մեջ: «Հավատացած եւ վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձեւավորմամբ ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ անկախ լինի եւ ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմին՝ իր անկախության մեջ»:
Լրագրողները հիշեցրեցին Հովսեփյանին իր ղեկավարած ոլորտում՝ դատախազությունում, առկա կոռուպցիոն երեւույթների մասին, որոնց վերաբերյալ վերջերս խոսել էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հովսեփյանը փորձեց պաշտպանվել՝ միաժամանակ իրեն ապահովագրելով. «Դեռեւս գլխավոր դատախազ աշխատած ժամանակ մշտապես նշել եմ, եւ այսօր էլ նշում եմ, որ դատախազությունն այն պետական մարմիններից է եղել, որտեղ համակարգված կոռուպցիոն երեւույթները վաղուց վերացված են եղել: Իհարկե, ժողովրդի ասածի հետ համաձայն եմ՝ չկա գյուղ, որ շուն չլինի, եւ ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, թե ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել եւ այսօր էլ վերացած է, որովհետեւ մշտապես հնարավոր են եւ կգտնվեն անձինք, որ գողություն կարող են անել՝ ընդհանուր սկզբունքներից դուրս»:
Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազի եւ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի միջեւ լուռ հակասություններ կան: Եվ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Հովսեփյանը գնահատում դատախազության աշխատանքը, նա գեղեցիկ ձեւով շրջանցեց. «Աշխատանքի գնահատականը կտա համագործակցության հետագա արդյունքները»: Ասել է թե՝ ըստ էության Հովսեփյանը Կոստանյանին պարտավորեցրեց ապագայում իր հետ լավ աշխատել:
Եվ քանի որ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի սպանդի գործը քննվել էր Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ, բնականաբար հարց հնչեց նաեւ մարտի 1-ի իսկական մեղավորների բացահայտման մասին: Սակայն Հովսեփյանն ինքնագոհ հայտարարեց, թե «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան տուժողների կողմից հարուցված խոչընդոտներ: Մարտի 1-ի գործով բազում դրվագներ են բացահայտվել, մի շարք մարդիկ դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի բեկանվել կամ փոփոխվել»:
Իսկ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Աղվան Հովսեփյանի հայտարարությանն, ասաց. «Եթե բացահայտել է, թող հրապարակի այդ մարդկանց սպանողների անունները, թե ովքեր են հրամայել, ովքեր՝ կատարել»:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԲԼԹ
«Իսկ լրագրողն ինքը մշտապես մնոււմ է իր բաժին խրամատում…»:
Մարգարիտ Եսայան «Առավոտ»
ՀՀԿ-ական պատգամավոր դարձած նախկին լրագրողն այդ նույն հարցը կարող էր հաջողությամբ ուղղել ինքն իրեն, եթե, իհարկե, ունենար դրան պատասխանելու քաջություն: Չէ՞ որ խրամատից հեռանալու կամ նույնիսկ խրամատներ փոխելու հարցում պատգամավորը որպես փայլուն օրինակ կարող է ներկայացնել իր իսկ անցած ուղին: Վերջիվերջո մենք լավ ենք հիշում, թե նա որտեղ էր եւ ուր հայտնվեց: Իսկ հիմա նման հարց ուղղել լրագրողներին` նշանակում է առաջին հերթին մատնել ինքդ քեզ: Փաստորեն լրագրողական փորձը չսովորեցրեց պատգամավոր Մարգարիտ Եսայանին գոնե զգույշ արտահայտվել:
«Ես ասել եմ, ինչի՞ եք ուզում, որ կրկնեմ: Ամսի 15-ից հետո ես կմանրամասնեմ, ձեզ շատ մանրամասն կասեմ»:
Երվանդ Զախարյան «Առավոտ»
Ինչպես Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ, այնպես էլ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դառնալուց հետո Երվանդ Զախարյանը սիրում է ոչ կոնկրետ խոսակցություններ վարել: «Նաիրիտ»-ի աշխատակիցներն արդեն մոտ 21 ամիս է` աշխատավարձ չեն ստացել, իրենք էլ որպես «լավություն» որոշել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ տալ, եւ դեռ մի բան էլ դժգոհում են, որ իրեն հարցե՞ր են ուղղվում: Ի՞նչ պետք է ասի Զախարյանը «ամսի 15-ից» հետո, որ չի կարող ասել հիմա: Հերթական հեքիա՞թը պետք է հորինի միջոցներ չլինելու մասին, թե՞ էլի պիտի «մուննաթ գա», թե՝ հարցեր մի տվեք, որ չկրկնվեմ:
«ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում եւ վերլուծում է Մրցունակության համաշխարհային զեկույցում այս տարի Հայաստանի 6 կետով նահանջի պատճառները»:
Կարեն Ճշմարիտյան 168.am
Երբ Կարեն Ճշմարիտյանը նոր էր նշանակվել էկոնոմիկայի նախարար, սկզբից այդ նշանակումը նույնիսկ հուսադրող որոշում էր թվում: Բայց նա բոլոր կարեւոր հարցերից մշտապես տեղյակ չէ: Նախարար դառնալու օրվանից նա անվերջ ուսումնասիրում է ամեն ինչ, իսկ թե երբ է գալու գործելու ժամանակը, անհայտ է: Այսպես եթե շարունակվի, նախարարը, հավանաբար, մինչեւ իր պաշտոնավարման ավարտը դեռ կուսումնասիրի՝ այդպես էլ չհասցնելով որեւէ բան անել: Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այս տարի նախարար Ճշմարիտյանն այս երկրում չէր ապրում եւ ոչնչից տեղյակ չէ: Բայց ախր այդպես ճշմարիտ չէ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ