Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ներքաղաքական խնդիրների, մասնավորապես՝ խոսել «քառյակ»-ից «եռյակ» անցման և սահմանադրական բարեփոխումների մասին: Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերի մոտ մշտապես այն հարցադրումն է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և անցում խորհրդարանական համակարգի:
«Քառյակի ձևակերպումը կարելի էր այլ կերպ տանել, ինքը խորհրդարանական քաղաքական ուժ է, որոնք կապված մեր այսօրվա, իրենց ենթադրությամբ հրատապ խնդիրների հետ, կարողանում են որոշակի մոտեցումներ ցույց տալ այս կամ այն խնդրին: Այսինքն՝ դա միավորում չէ, որը հռչակագրել է, թե ինչ մոտեցումներ պիտի ունենա և շարժվի դրանց ետևից: Էլի է եղել, որ որոշակի ուժեր այլ տեսակետ են ունեցել, բայց քառյակը գնացել է այն տեսակետի ետևից, որը, ենթադրաբար, քառյակի մոտ մեծամասնությունն է եղել: Ես չեմ կարծում, որ դրանով քառյակը լուծարվում է, որովհետև, ըստ էության, այն որպես դաշինք, որպես միություն ձևավորված չէ:
– Հանրապետականների կարճ հիշողությունն ինչո՞վ եք բացատրում, որ ուղիղ մեկ տարի առաջ ջանասիրաբար դեմ էին արտահայտվում խորհրդարանական համակարգին:
– Հանրապատեկանին որպես կուսակցություն այս գործող կիսանախագահական համակարգը լրիվ ձեռնտու է: Բայց դա նեղ կուսակցական շահերից ելնելով: Իսկ համապետական շահերից ելնելով՝ մենք արդեն փորձությունների ճանապարհ ենք անցել: Մենք ունեցել ենք նախագահական համակարգ, որից հետո գնացինք կիսանախագահականի, որի պտուղները նպաստեցին երկրի հետագա զարգացմանը: Հիմա մտածում ենք, որ առաջ չգնանք չինովնիկական մոտեցումներով: Բայց դա չի նշանակում, որ մենք անպայման կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին:
– Դաշնակցությունն առաջարկում էր հետաձգել հանրահավաքը, իսկ ոչ իշխանական ուժերը պնդել են, որ հենց իշխանափոխության հարց ներկայացվի հանրահավաքի ժամանակ: Ի՞նչ եք կարծում, կարելի է ենթադրել, որ այս ամենն արվում է, որ Դաշնակցությունը չդնի իշխանափոխության պահանջ:
– Ես կարծում եմ՝ պիտի դաշնակցության պատմությունն ու գաղափարախոսությունը լավ ուսումնասիրել, նոր՝ հարցադրումները անել: Նա քաղաքական մշակույթ ունի և անում է այն, ինչը իր սկզբնունքների տարածքում է գտնվում: Ես կարծում եմ՝ միակ ընդդիմադիրն է, որը իր գաղափարախոսությամբ առաջատար ուժ է, Դաշնակցությունն իր տեսակետը երբեք չի փոխել: Նա ընդդիմություն է:
-Դաշնակցությունը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցություններ են սկսվելու. դրանք արդեն մեկնարկե՞լ են:
– Նրանց պահանջներն այս պահին քննարկվում են: Շատ բաներ կան, որոնք ընդունելի են և շատ բաներ կան, որոնք ընդունելի չեն:
-Ի՞նչ հայտարարի կհասնեք:
– Դա ժամանակը ցույց կտա, նամանավանդ որ փաստաթուղթն էլ դեռ շրջանառության մեջ դրված չէ:
Արդեն սկսվե՞լ են այդ բանակցությունները:
– Չի կարող սկսվել բանակցությունները, որովհետև երբ արդեն հրապարակվի փաստաթուղթը կլինի քաղաքական քննարկում: Հիմա միայն ու միայն մասնագիտական քննարկումների փուլն է:
– Ձեզ համար կարևո՞ր է բացարձակ մեծամասնություն մնալը:
– Մի կուսակցություն չեք գտնի, ում համար կարևոր չլինի մեծամասնությունն ապահովելը: Ինչպիսի պայմաններ էլ լինի, ՀՀԿ-ն վճռական դերակատարում կունենա ցանկացած ընտրությունների և քաղաքական բանաձևումների մեջ: Չկա աշխարհում որևէ պառլամենտ, որը քաղաքական մեծամասնություն չի ունենում: Եթե քաղաքական մեծամասնություն չունենա, բնականաբար ձախոսված է պառլամենտի գործունեությունը:
– Լևոն Զուրաբյանն ասում էր, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի շարքը ձնագնդի նման մեծացող գործընթաց է և լուրջ հետևանքներ է ունենալու: Իշխանությունները վախեցա՞ծ են:
– Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է այս պահին ապրում, որովհետև չի կարելի բարգավաճի թևի տակ մտածել և հոխորտալ, որ կարող է ինչ-որ գործողություններ ծավալել: Քառյակի գործունեության մեջ վճռորոշ է ԲՀԿ-ն: Բայց ԲՀԿ-ն երբեք նման հայտարարություններ չի անում: ՀԱԿ-ը իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ բան փոխել և փշրանքներից օգտվել: ՀԱԿ-ը յոթհոգանոց խմբակցություն է, բայց ես չեմ տեսել, որ նրանցից 3-ը միասնական կարծիք հայտնի:
– Վահրամ Բաղդասրայանին հաջողվո՞ւմ է Հանրապետականներին բերել նիստերի դահլիճ և կազմակերպել պատշաճ քվեարկություն:
– Նույնիսկ եթե որևէ քվեարկություն ընդդիմությունը կարողանա ձախողել, դա ձախողում չէ, որովհետև նույն օրինագիծը նորից շրջանառության մեջ է դրվում: Մամուլում լուրեր են շրջանառվում, թե քառյակն իր գործունեությամբ ձախողում է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, բայց ասեմ, որ իրենց այդ տեսակետն է ձախողում: