Կիրակի օրը կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը Սերժ Սարգսյանի ունեցած ելույթն ինչպես միշտ` որեւէ կապ չուներ մեր իրականության եւ առավել եւս` իր ու իր թիմի գործելաոճի հետ:
Անդրադառնալով արտագաղթի խնդիրն`Ս. Սարգսյանը չգիտես ինչու` այս հարցում իր պատասխանատվությունը փորձեց կիսել իր նախորդների հետ. «Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար»,- ասաց Սարգսյանը, ով, հիշեցնենք, 2 տարի առաջ հրապարակավ հանրությանը համոզում էր, որ Հայաստանից մեծ արտագաղթ չկա եւ նշավակում էր այն պաշտոնյաներին, ովքեր չեն հերքում արտագաղթի մասին «գաղջ մթնոլորտ» ձեւավորող լրատվամիջոցների հրապարակումները: Այստեղ ի միջի այլոց նաեւ նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի համար արտագաղթը խնդիր չի եղել, քանզի նրա պաշտոնավարման տարիներին արտագաղթի տեմպերը ոչ միայն շեշտակի նվազեցին, այլեւ անգամ արձանագրվեցին ներգաղթի միտումներ:
Հաջորդիվ Ս. Սարգսյանը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք միասնականության կարեւորությանը .«Բոլոր դժվարությունների և վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ և ամենահարազատ հենարանը: Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել: Իհարկե՝ ոչ»:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե նա ինչպիսի խորը անջրպետ առաջացրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ` հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների գործընթացով, ընդգծենք, որ հատկապես իր պաշտոնավարման տարիներին Սփյուռքի շատ ուշատ բարերարներ հիասթափված դադարեցրեցին իրենց գործունեությունը հայրենիքում: Ամենացցուն օրինակը, թերեւս, Քըրք Քըրքորյանն է, ով Ս. Սարգսյանի պաշտոնավարումից կարճ ժամանակ անց դադարեցրեց Հայաստանում Լինսի հիմնադրամի միջոցով իրականացվող բազմամիլիոնանոց բարեգործական ծրագրերը:
Ինչ վերաբերում է սիրիահայերին պետության կողմից ցուցաբերվող օժանդակությանը, ինչի մասին եւս խոսեց Սարգսյանը` հավաստիացնելով, թե. « Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,-ապա այստեղ անմիջապես հիշում ենք «Նոր Հալեպ» բնակարաշինական ծրագիրը, որը չեղյալ արվեց, իսկ դրա համար գործարար Հ. Վարդանյանի հատկացրած 100 հազար դոլարն էլ` Հ. Հակոբյանը տնօրինեց ըստ իր հայեցողության:
Դե, իսկ « հայախոս, մայրենիի նկատմամբ սեր եւ ակնածանք ունեցող երիտասարդության դաստիարակման» հետ կապված Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո էլ ակամայից հիշում ենք նրա փոքրիկ թոռնիկին, ով հաճախում էր ռուսական մանկապարտեզ` դաստիարակվելով ռուսական հեքիաթներով եւ երգերով: