Ընդդիմադիր շարժումն օրակարգ չունի՞. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառյակից եռյակ դարձած ԱԺ ոչ իշխանական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ժողովրդին ինչ են ասելու հոկտեմբերի 10-ին: Ու որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան փրկել իրենց դեմքը՝ դարձյալ որոշել են պատսպարվել «ժողովրդի պահանջ»-ի ներքո: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկվա՝ եռյակի հանդիպումից հետո հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգը կորոշվի` ելնելով եռյակի մարզային այցելությունների ընթացքում ժողովրդի հնչեցրած պահանջներից. «Օրակարգի ձեւավորման հիմքում դրվելու են ժողովրդի մոտեցումները, ժողովրդի պահանջները»,-ասել է նա: Զավեշտալի է, սակայն արդեն հաջորդ հարցին՝ արդյոք ժողովրդի կողմից ամբողջական իշխանափոխության պահանջի դեպքում եռյակը հետամուտ կլինի դրա կատարմանը, Հակոբյանը պատասխանել է. «Կքննարկենք»: Մարդը, փաստորեն, երեք քաղաքական ուժերի անունից իր արած հայտարարությունից ընդամենը վայրկյաններ անց հետ է կանգնում դրանից` առանց դույզն իսկ վատ զգալու։

Իրականում սա լավագույնս արտացոլում է այն հակասական ու անհասկանալի իրավիճակը, որը ստեղծվել է ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի եռյակում, եւ, անկեղծ ասած, ողջ ընդդիմադիր դաշտում: Մի կողմից՝ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով քննադատելով իշխանություններին եւ հայտարարելով, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտի ուժերը մյուս կողմից որեւէ քայլ չեն կատարում այդ համակարգային փոփոխություններն իրականացնելու ուղղությամբ: Այսօր քննարկվում է երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու երկու տարբերակ. իշխանափոխություն եւ սահմանադրական բարեփոխումներ:

Վերջինիս հետ կապված եռյակի դիրքորոշումը հայտնի է, պատճառաբանությունը` նույնպես: Իսկ ահա իշխանափոխության հարցում չնայած այն հանգամանքին, որ առանձին-առանձին եռյակի ուժերից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը պարբերաբար բարձրաձայնում են իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն արդյունքում` ընկրկում են ԲՀԿ-ի կամքի առջեւ եւ որպես միասնական քաղաքական միավոր իրենց հայտարարություններում ամեն կերպ փորձում գոնե առայժմ խուսանավել իշխանափոխության պահանջի հնչեցումից:
Եվ որ ուշագրավ է, դրան ի հակառակ բավականին հստակորեն հայտարարում են, որ չեն պատրաստվում պահանջել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը` դարձյալ, մի ծիծաղեք, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության գիտակցությունից ելնելով:

Արդյունքում ստացվում է, որ եռյակն այս փուլում ընդամենը մեկ առաքելություն ունի. ներքաղաքական լարված իրավիճակում «գոլորշի բաց թողել»՝ մինչեւ տեսնեն՝ ինչ կստացվի մեծ ծրագրերի իրականացման ուղղությամբ:




Լրահոս