Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդի ցածր կենսամակարդակի համար կարող են ներկայացնել հազարումի պատճառաբանություն` սկսած երկրի պատերազմական վիճակից, ավարտած` վատ Սահմանադրությամբ: Իր հերթին` ընդդիմությունը եւս առաջ է քաշում բազմաթիվ համապետական, խորքային խնդիրներ` սկսած համակարգային կոռուպցիայից, ավարտած` գործող լավ Սահմանադրության ոտնահարումով: Եվ այս գլոբալ հարցերի շուրջ երկուստեք հակադարձումների արանքում դուրս է մնում շատ ավելի առարկայական եւ հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ծրագրերի ոչ միայն իրականացումը, այլեւ դրա պահանջը:
Երեկ, օրինակ, ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարել է, որ այս տարի Շիրակի մարզում կարտոֆիլ չի աճել, քանի որ գյուղացիների բերքը վառվել է` ոռոգման ջրի բացակայության պատճառով. «Մեր Արարատյան դաշտի հողերն այս տարի անջրդի մնացին ոչ թե որ մենք ջրամբար չունենք, այլ որ՝ մի շարք փոքր հէկ-եր ունենք: Կամ իշխանությունները փակում են փոքր հէկ-երը, կամ մենք գյուղատնտեսություն այլեւս չենք ունենալու»,- ահազանգել է ոլորտի փորձառու մասնագետը: Նա նաեւ կանխատեսել է, որ այս ամենի ադյունքում կարտոֆիլի գինը կթանկանա` հասնելով 200-ից 300 դրամի։
Թե ինչ նշանակություն ունի կարտոֆիլի բերքը ողջ Շիրակի, եւ մասամբ նաեւ այլ մարզերի գյուղացիների համար, թերեւս մանրամասնելու կարիք չկա: Պարզ է նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով թերսնվող մեր ազգաբնակչության շուրջ 40 տոկոսի համար այս բանջարեղենի էժան գնի կենսական կարեւորությունը, ուստի առանց կասկածի կարելի է պնդել, որ Բերբերյանի բարձրացրած խնդրին ժամանակին պատշաճ ուշադրություն չդարձնելու արդյունքում ՀՀ բնակչության կենսամակարդակն անկում է գրանցելու: Բայց սա չի հուզում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը:
Հակառակ դեպքում` առաջինները կսահմանափակեին իրենց յուրայինների «գայլային» ախորժակը` պահանջելով, որ նրանք գետերից վերցնեն նորմատիվներով սահմանված չափի ջուր: Իսկ ընդդիմությունն էլ քայլեր կձեռնարկեր իշխանությունների վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ` այդ հարցում համագործակցելով նաեւ բնապահպանական-քաղաքացիական ակտիվ շրջանակների հետ:
Առայժմ, սակայն, հէկ-երի` Հայաստանի էկոհամակարգի վրա կործանարար ազդեցության մասին ահազանգում են միայն բնապահպաններն ու մամուլը: Իսկ ազգընտիրների օրակարգում այս հարցն այդպես էլ չի հայտնվում:
Այն, որ իշխանությունները չեն ցանկանում փակել հէկ-երից իրենց գրպանը հոսող անաշխատ եկամտի ծորակը, հասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու ընդդիմությունը նման «մանր» խնդիրներն արժանի չի համարում իր թանկ ուշադրությանը: Ի վերջո շատ հեշտ է Սերժիկ, Միշիկ, Սաշիկ հեռացիր բղավելով` մարդկանց պահել հրապարակում, սակայն եթե ցանկություն կա ժողովրդի վիճակն իրապես բարելավելու եւ նրա հոգսը դույզն-ինչ թեթեւացնելու, ընդդիմությունը պետք է պայքարի նաեւ նման «ոչ պոպուլյար» խնդիրների լուծման համար: