«Ռ. Քոչարյանի՝ մարտի 1-ի հրամանագիրը հակասահմանդրական է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քննարկվում է ՀԱԿ պատգամավորների կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախորդ գումարման Ազգային ժողովն ընդունել է մի օրենք, որը պարունակում է աղաղակող մի շարք հակասություններ գործող Սահմանադրության հետ:

«Ես առաջարկում եմ քննարկել սահմանդրական մի քանի աքսիոմաներ, որոնց շուրջ եթե մենք համաձայնություն ձեռք բերենք, ապա ակնհայտ կդառնա, որ գործող օրենքի մի քնաի դրույթներ հակասահմանադրական են», – իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Գ. Ջհանգիրյանը:

Նա ընդգծեց, որ Սահմանադրությունում նախագահի, դատախազության, Ազգային խորհրդի և մյուս բոլոր ինստիտուտների լիազորությունները թվարկված են սպառիչ, որովհետև դրանով հակակշռում են պետական ինստիտուտներն ու մարմինները:

«Մենք օրենքով չենք կարող որևէ սահմանադրական մարմնի տալ որևէ լիազորություն, քան տրված է Սահմանադրությունով»,- նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ, օրինակ, վարչապետի նշանակման կարգով չի կարելի նշանակել նախագահ:

Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ՀՀ նախագահն արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառման լիազորություն չունի, միայն պատերազմի դեպքում կամ վտանգի դեպքում կարող է կիրառել, այն էլ՝ միայն հատուկ դրություն հայտարարելուց հետո:

«Զինված ուժերի կիրառումը արտակարգ դրության ժամանակ հակասահմանադրական է»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:

«Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր  Ալեքսանդր Արզումանյանի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 1-ի հրամանագրին ինչ գնահատական պետք է տալ, Գ. Ջհանգիրյանը պատասխանեց, թե մարտի 1-ի հրամանագիրը հակասահմանադրական է, և հետին թվով են փորձել օրինական տեսք տալ այդ հրամանագրին:




Լրահոս